Հերթը հասավ Ուեյն Ռունիին
Անգլիական Էդենբրիջ քաղաքում անցկացվող «Գանձերի գիշեր» ամենամյա տոնահանդեսի կազմակերպիչներն այս տարի խրտվիլակի տեսքով մասնակիցներին կներկայացնեն Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին: Նա պատկերված է հայտնի մուլտֆիլմի հերոս Շրեկի տեսքով, մի ձեռքում նոր պայամանագիրն է, իսկ երկրորդում փողով լի պայուսակը: Խրտվիլակի բարձրությունը կազմում է մոտ 15 մետր:
Ավանդույթի համաձայն տոնահանդեսի վերջում մասնակիցները կրակի են տալիս խրտվիլակը: Մինչ այդ նման «պատժի» արժանացել էին այնպիսի հանրահայտ մարդիկ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, մահապատժի ենթարկված Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, հանրահայտ թոփմոդել Կատի Պրայսը եւ այլոք: Տոնահանդեսի կազմակերպիչներն այս տարի ընտրել են Ուեյն Ռունիին, քանի որ նա բոլորից շատ է հայտնվել թերթերի սկանդալային էջերում:
Հավելենք, որ դրան սովորաբար մասնակցում են 15 հազար մարդիկ, երկու անգամ ավելին, քան Էդենբրիջի բնակչությունն է: