Անդրանիկ Մանուկյանը պարգեւատրվեց (տեսանյութ)
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանին հանձնվեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի զարգացման գործում ավանդի համար» առաջին աստիճանի շքանշան: Այն նախկին նախարարին շնորհել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը:
Պարգեւին Անդրանիկ Մանուկյանը արժանացել էր դեռ երբ ՀՀ նախագահի խորհրդական էր: Շքանշանը նրան, սակայն, չէր հաջողվում հանձնել, քանի որ Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակված Անդրանիկ Մանուկյանը երկար ժամանակ Հայաստան չէր գալիս:
Այն այսօր նրան հանձնեցին « Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում:
Պարգեւը տրանսպորտի եւ կապի նախկին նախարարի համար անակնկալ էր:
«Նրանք գնահատեցին իմ աշխատանքը եւ շատ շնորհակալ եմ: 8 տարի եղել եմ տրանսպորտի նախարար եւ այդ ընթացքում մեծ ուշադրություն եմ դարձրել ՀՀ տրասպորտային ցանցի զարգացմանը»,-ասաց Անդրանիկ Մանուկյանը շքանշանը ստանալուց հետո:
Նրա խոսքով, Հայաստանը երկաթուղիները 30 տարվա պայմանագրով հանձնեց Ռուսաստանին, քանի որ ներդրումներ չկային, եւ անհնար էր զարգացնել ոլորտը:
«Ես ուրախ եմ, վերջիվերջո, որ ես եմ եղել այդ քայլի հեղինակը: Ընկերության նախագահի հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ, սակայն այդ որոշումը եղել է քաղաքական: Արդեն երրորդ տարին է, որ հայկական երկաթուղին ղեկավարում են ռուսները եւ, ըստ իս, արդյունքները տեսանելի են»,-«Ա1+»-ին ասաց նա:
Նախկին նախարարը Հայաստանում տրանսպորտային ուղիների զարգացում տեսնում է միայն բաց սահմանների դեպքում:
«Հայ-թուրքական սահմանը պետք է բաց լինի եւ ինչքան շուտ` այնքան օգտակար մեր տնտեսության համար: Լավ կլինի, որ սահմանները բացվեն, նոր պետությունները որոշեն, թե ինչ քաղաքականություն պետք է իրականացնեն»,- ասաց նա:
Անդրանիկ Մանուկյանի դիտարկմամբ, որպեսզի չլինի մտավախություն, թե թուրքերը լիովին գրավելու են Հայաստանի տնտեսությունը, հարկավոր է ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որ նրանք Հայաստան գան որպես ներդրողներ:
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը Հայաստան է եկել մի քանի օրով, իր խոսքով` աշխատանքի բերումով: Հայ-ուկրաինական ներկա հարաբերությունները նա գնահատեց ջերմ:
«Նախկինում դրանք սառել եւ խաթարվել էին: Ընթացքում դժվարություններ են լինում, ինչը շատ դեպքերում չհասկանալու արդյունք է, սակայն ամեն ինչ հարթվել է: Ուկրաինայի ներկայիս նախագահը շատ լավ է վերաբերում Հայաստանին: Հաջորդ տարվա առաջին կեսին կազմակերպելու ենք ՀՀ նախագահի այցը Ուկրաինա»,- ասաց նա:
Ի դեպ, այսօր դրամական պարգեւների եւ շնորհակալագրերի արժանացան նաեւ «Հարավկովկասյան երկաթուղու» մի շարք աշխատակիցներ: Գնահատական տրվեց նաեւ ռուս-հայկական Համալսարանի եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության համատեղ ջանքերով գործող «Առաջնորդության դպրոցի» գործունեությանը: Այստեղ այսօր սովորում է 60 ուսանող, որոնք հետագա ուսումը հնարավորություն կունենան շարունակել Ռուսաստանում: