A
A
«Տրավ Սթոուն Գրուպ» ՍՊԸ-ն մտադիր է շահագործել Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրը
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպանների հայտարարությունը Ecolur.org
Հայտարարություն «Տրավ Սթոուն Գրուպ» ՍՊԸ-ի Կողմից Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ «Տրավ Սթոուն Գրուպ» ՍՊԸ-ն մտադիր է շահագործել Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրը: Ներկայումս Երևանում ոչ մետաղական հանքավայրերից օգտակար հանածոների արդյունահանման 21 ընդերքօգտագործման իրավունք է տրամադրված:
Մայրաքաղաք Երևանում շահագործվող հանքերը բացասական ազդեցություն ունեն առանց այն էլ շինարարական փոշով ու տրանսպորտային ծխագազերերով ծանրաբեռնված Երևանի մթնոլորտային օդի վրա: Աղտոտում են օդը փոշով, բեռնատարերի արտանետումներով, ոչնչացնում են մայրաքաղաքի լանդշաֆտը, տարածքներն աղտոտում թափոններով, լցակույտերով, մեքենաների յուղերով, առաջացնում են աղմուկ: Հանքերը շահագործող ընկերություններն իրենց ընդերքօգտագործման պայմանագրերով չունեն Երևան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցմանն ուղղված պարտավորություններ:
Այս ընկերությունների կողմից չեն իրականացվում բնապահպանական միջոցառումներ, փոշու արտանետումների մեղմման, կանաչ գոտիների ստեղծման աշխատանքներ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոն ՊՈԱԿ-ի համաձայն՝ վերջին 5 տարիների ընթացքում Երևանում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման միտում: Մայրաքաղաքի օդը մաքրող, պաշտպանական նշանակության կանաչ գոտիները ոչնչացված են: Երևանի պատմական հիմնական կանաչ տարածքները, որոնք ներառում էին Նորքի անտառը, Դալմայի այգիները, «Հաղթանակ» զբոսայգու պուրակները և հարակից Բանջարանոցային շրջանը, այլևս չկան: Շարունակվում է բակային փոքրիկ կանաչ պուրակների, հանրային տարածքների ոչնչացումը: Այս տարածքներում իրականացվել և շարունակում են իրականացվել քաղաքաշինական ծրագրեր՝ երևանցիներին զրկելով մաքուր օդ ունենալու հնարավորությունից: Երևանին թթվածնով ապահովող Ջրվեժի արգելոցապարկային համալիրը ոչնչացումից փրկվեց բացառապես քաղաքացիական հասարակության պայքարի արդյունքում: Իսկ Երևանի բուսաբանական այգին, որը շատերի բիզնես ծրագրերի համար համեղ պատառ է, դեռ պահպանվում է, քանի որ գտնվում է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ենթակայության ներքո: Երևանում կանաչ տարածքը մեկ բնակչին ընկնող տիպային հարաբերակցությամբ հաշվարկվել է 7,6 մ2: Այս թվի համար որպես կանաչ գոտիներ են դիտարկվել նաև գերեզմանոցները: Անգամ նման պարագայում 7,6 մ2 ցուցանիշը ցածր է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից սահմանված նվազագույն արժեքից, որը մեկ բնակչին ընկնող տիպային հարաբերակցությամբ 9 մ2 է: Նման պայմաններում մենք՝ ներքոստորագրյալներս, դեմ ենք Երևանում նոր հանքավայրի շահագործմանը, երբ մայրաքաղաքի ընդերքօգտագործողների նկատմամբ չկան խիստ պահանջներ բնապահպանական և սոցիալական պարտավորությունների ստանձնման և կատարման մասով, չկա խիստ վերահսկողություն և պատասխանատվություն:
Պահանջում ենք.
• Մերժել ցանկացած նոր հանքի շահագործման համար թույլտվության տրամադրումը մինչև այս ոլորտում առկա խնդիրների լուծումը
• վերանայել Երևանում գործող ընդերքօգտագործողների ընդերքօգտագործման պայմանագրերը՝ սահմանելով հստակ պահանջներ բնապահպանական և սոցիալական պարտավորությունների ստանձնման համար
• ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգումների իրականացում Երևանի հանքերը շահագործող ընկերություններում և արդյունքների հրապարակում
• Ուսումնասիրության իրականացում, թե Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից սահմանված նվազագույն արժեքին համապատասխան մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածք չունենալը, տարբեր տարրերով հագեցած փոշով և ծխագազերով Երևանի մթնոլորտային օդի աղտոտվածությունը, հողի աղտոտվածությունը, աղմուկը ինչ ազդեցություն է գործում երևանցիների առողջության վրա և միջոցառումների սահմանում այդ ազդեցության մեղմման համար: