Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակումբային շախմատը զարգացած չէ

Սպորտ
8933530cdf6f4c555831f729d2d0c188

Երեւանի «Միկա» ակումբի շախմատի կանանց թիմը, որը վերջերս կայացած Եվրոպայի ակումբային առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալներ, այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հանդիպեց լրատվամիջոցների հետ:

«Միկա» շախմատային ակումբի նախագահ Աշոտ Վարդապետյանը գնահատելով թիմի ելույթները ասաց, որ անգամ երրորդ տեղը մեծ հաջողություն էր թիմի համար: «Այսօր շախմատային շատ ակումբներ հիշեցնում են աշխարհի հավաքականների, քանի որ համալրված են տարբեր երկրների ուժեղագույն շախմատիստներով: Այդ իսկ պատճառով բավական դժվար է մրցանակային տեղ գրավել ակումբային առաջնություններում»:

Աշոտ Վարդապետյանը նաեւ ավելացրեց, որ չնայած հաջողությանը, ակումբային շախմատն այնքան էլ զարգացած չէ հանրապետությունում: «Եթե մենք այս տարի շախմատի ակումբային առաջնություն անցկացնեինք, ապա իրավունք կստանայինք երեքական թիմ հայտավորել Եվրոպայի առաջնությունում: Մի քանի տարի առաջ ստեղծվեցին շախմատի ակումբներ, սակայն դրանք այդպես էլ չընդլայնեցին իրենց գործունեությունը»:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանն այդ առիթով կարծում է, որ մեր մոտ չկա կանանց շախմատի ձեւավորված այնպիսի դպրոց, ինչպես Վրաստանում է: Իսկ ահա գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը գտնում է, որ լրատվամիջոցները խտրականություն են դնում տղամարդկանց եւ կանանց թիմերի ելույթների միջեւ եւ ավելի մեծ ուշադրություն են դարձնում շախմատիստների, քան շախմատիստուհիների ելույթներին:

Խոսք գնաց նաեւ մեր թիմի չորրորդ անդամ, հնդիկ շախմատիստուհի Դրոնավալի Հարիկայի մասին: Ինչպես նշեց Աշոտ Վարդապետյանը, նա շատ հետաքրքիր անձնավորություն է եւ մեծ հեռանկարներ ունի: «Հարիկան երկրորդ անգամ հանդես եկավ «Միկայի» կազմից: 2008 թ նա վատ ելույթ ունեցավ, սակայն մրցաշարից հետո խնդրեց իրեն չհեռացնել թիմից, որպեսզի կարողանա վերադարձնել «պարտքերը»: Այս անգամ նա շատ լավ խաղաց, երկրորդ խաղատախտակի վրա գրավեց 2-րդ տեղը եւ, կարելի է ասել, լիովին մարեց «պարտքերը»:

Հավելենք, որ մեր առաջատար գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պատրաստվում են գալիք դեկտեմբերին Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի նոկաուտ մրցակարգով, իսկ Լիլիթ Գալոյանը երեք ամիս կհանգստանա եւ չի մասնակցի որեւէ մրցաշարի: