Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անսարք ավտոբուսների պատճառո՞վ

Սպորտ
99c933ad309b1f5942c362adfe20b35f

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ պատանեկան առաջնության «Գորիս-95» - «Սելեն-95» եւ «Սիսիան-97» - «Արամուս-97» խաղերը պետք է երեկ վերախաղարկվեին: Սակայն դրանք կրկին չեն կայացել:

Ինչպես պարզվեց «Ա1+»-ի մարզական լրագրողին, այդ թիմերի անդրանիկ հանդիպումները չէին կայացել հյուրերի մրցավայր չժամանելու պատճառով (ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տվյալների, թիմերին տեղափոխող ավտոբուսները խափանվել են ճանապարհին):

ՀՖՖ կարգապահական կոմիտեն խաղերին չներկայացած թիմերին նոր շանսն է տվել եւ որոշել վերախաղարկել այդ հանդիպումները: Սակայն «Սելեն-95» թիմի ղեկավարները նախապես տեղեկացրել են, որ ի վիճակի չեն վճարել ճանապարհածախսը, քանի որ առաջին անհաջող այցի ժամանակ արդեն 150 հազար դրամ են ծախսել, իսկ «Արամուս-97»-ը ընդհանրապես չի տեղեկացրել իրենց չգնալու մասին, ուստի ՀՖՖ-ի կողմից գործուղված մրցավարները մնացել են անգործ:

Սակայն զարմանալու ոչինչ չկա, քանի որ այս տարի պաշտոնական հանդիպմանը չի ներկայացել անգամ Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող Երեւանի «Կիլիկիան»` այդպես էլ չտալով որեւէ պատճառաբանություն:

Հավելենք, որ «Սելեն-95»-ը իր ենթախմբում 8 թիմերի մեջ զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Արամուս-97»-ը եզրափակում է 14 տարեկան ֆուտբոլիստների առաջնության «Բ» ենթախմբի աղյուսակը: