Բացել լրահոսը Փակել լրահոսը
1630646472general_pages_03_september_2021_i102606_ustroistvo_na_trud_ne_br
A A
Հասարակություն

Կառավարությունն առաջարկում է կատարել լրացումներ, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու հիմքերը

Կառավարությունը հավանություն է տվել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել աշխատանքային հարաբերությունների պատշաճ կենսագործունեությունն ու իրականացումը, դրանց սուբյեկտների գործառույթների իրականացումը, գործատուների տնտեսական գործունեության անխափան իրականացումը, պետությունում տնտեսական կայունությանը, ինչպես նաև հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ իրականացումը, ինչը բխում է հանրային շահերից և պետության պոզիտիվ պարտականություններից: Միաժամանակ, նպատակ է հետապնդվում հնարավորություն ընձեռել կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը հանրապետությունում, ձևավորել կոլեկտիվ իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ, ապահովել հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը:

Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է կատարել լրացումներ և փոփոխություն, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը:

Օրենքի առաջարկվող կարգավորումների գործողությունը տարածվելու է հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։ Ըստ այդմ, որպես աշխատանքի (ծառայության) չթույլատրման հիմք սահմանվում է սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերի բացակությունը աշխատանքի (ծառայության) ներկայանալիս։ Ընդ որում, նշվածից և Առողջապահության նախարարի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից բխում է, որ աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը:

Նշված պայմանը նախատեսված ժամկետներում չկատարելու դեպքում միայն, սահմանվում է աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման հիմք, իսկ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի լիազորությունները պետք է դադարեցվեն կամ նրանք զբաղեցրած պաշտոնից ազատվեն. մասնավորապես, եթե անձը վերոնշյալ հիմքով, այսինքն՝ իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում` ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ)  չի կատարել իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները: Որոշմամբ՝ օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի  Ազգային ժողով:  

Հավանության է արժանացել  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և հարակից մի շարք օրենքներում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնավորման, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին բացօթյա սեզոնային սրճարանները Երևան քաղաքի համար յուրօրինակ միջավայր են դարձել, որտեղ հավաքվում են բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ ինչպես նաև զբոսաշրջիկներ։ Բացօթյա սրճարանները դարձել են Երևան քաղաքի այցեքարտը և յուրատեսակ խորհրդանիշը, սակայն հանրային սննդի սեզոնային ծառայության համար առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ։ Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է բացօթյա հանրային սննդի ծառայությունը կազմակերպել երկու սեզոնով՝ ամառային և ձմեռային, քանի որ շատ սրճարաններ ցանկանում են ձմռանը նույնպես աշխատել, ինչը նոր խթան է հանդիսանում Երևանում զբոսաշրջության զարգացման ներկայիս փուլում, ինչպես նաև կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր։