Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ֆուտբոլը ներկայացրին երեք ակումբներ

Սպորտ
3d5fd96db1fcedad08a6681421088730

Եվրոպական ակումբների միության (ԵԱՄ) երկրորդ մարզային համաժողովին, որը տեղի է ունեցել Մոսկվայում, մասնակցել են նախկին ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող հանրապետությունների` Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի եւ Ադրբեջանի ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները: Մեր հանրապետությունից այդ հանդիպմանը մասնակցել են Երեւանի «Միկայի», «Բանանցի», «Փյունիկի» ներկայացուցիչները:

Համաժողովը ղեկավարել են Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենիի Գիները եւ ԵԱՄ-ի գլխավոր քարտուղար Միկելե Չենտենարոն: Ակումբների ղեկավարները հիմնականում քննարկել են ՈՒԵՖԱ-ի կողմից առաջարկած ֆինանսական Fair Play-ին, ֆուտբոլիստների գործակալներին եւ ազգային հավաքականների անդամների ապահովագրությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցած «Միկայի» նախագահ Կառլոս Ղազարյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց, որ համաժողովին չնայած քննարկվել են բազմաթիվ հարցեր, սակայն որեւէ որոշում չի կայացվել:

Նշենք, որ ԵԱՄ-ը ղեկավարում է նախկին հանրահայտ ֆուտբոլիստ, գերմանացի Կառլ-Հայնց Ռումենիգեն, ով նաեւ Մյունխենի «Բավարիայի» նախագահն է: Ներկայումս կազմակերպության մեջ մտնում են Եվրոպայի 192 ակումբներ: Պարտադիր պահանջն այն է, որ տվյալ ակումբը պետք է մասնակցած լինի եվրոպական գավաթների խաղարկություններին: