Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շախմատիստուհիները գերազանց հանդես եկան»

Սպորտ
21b041dca4c2635663370cb27cd216c0

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը գնահատելով Երեւանի «Միկա» թիմերի ելույթները վերջերս կայացած Եվրոպայի ակումբային առաջնությունում, «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց, որ կանանց թիմը գերազանց հանդես եկավ, իսկ տղամարդկանց թիմը կրկին չարդարացրեց սպասելիքները:

«Մեր շախմատիստները, ինչպես Խանտի Մանսիյսկում կայացած շախմատային օլիմպիադայում, շատ լավ սկսեցին եւ հաղթեցին անգամ գլխավոր ֆավորիտներից երկուսին: Բայց վերջում դարձյալ անսպասելի զիջեցին ոչ այնքան ուժեղ թիմերին, ընդ որում ընդամենը մեկ կրած պարտության պատճառով»:

Սմբատ Լպուտյանի կարծիքով, մեր առաջատարները, եթե հաշվի առնենք նրանց անհատական արդյունքները, վատ հանդես չեկան, բայց դա բավարար չէ ակումբային մրցումներին հաջողության հասնելու համար: «Լեւոն Արոնյանը առաջին խաղատախտակին ցույց տվեց երրորդ արդյունքը, ինչ բարձր ցուցանիշ է: Ցավոք, Արման Փաշիկյանը առաջին պարտությունը կրելուց հետո կորցրեց վստահությունը եւ բավական թույլ խաղաց: Եթե նա հաղթահարեր հոգեբանական այդ արգելքը, ապա վերջնական արդյունքներն այլ կլինեին»:

Ինչ վերաբերում է «Միկայի» կանանց թիմի ելույթներին, ապա մեր անվանի գրոսմայստերն այն միանշանակ գերազանց է գնահատում: «Կանանց մրցաշարին մասնակցող թիմերում հանդես էին գալիս աշխարհի բոլոր ուժեղագույն շախմատիստուհիները, ուստի արդեն նրանց հետ պայքարում երրորդ տեղ գրավելն արդեն իսկ մեծ հաջողություն է»: