Ինչո՞ւ է պանիրը թանկացել
2010 թվականի առաջին եռամսյակում պանրի արտադրությամբ Հայաստանում զբաղվել են 57 տնտեսվարող սուբյեկտ, իսկ երկրորդ եռամսյակում` 78:
Այսինքն, ընկերությունների թիվը ավելացել է 21-ով: Այս մասին հայտնում են Հայաստանի մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից` պնդելով, թե «78 տնտեսվարող սուբյեկտից բաղկացած շուկայում հակամրցակցային համաձայնությունը, մեղմ ասած, անիրական է»:
Պանրի գների բարձրացման մասին ու ահազանգել են լրատվամիջոցները:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով պանրի` որպես սոցիալական ապրանքատեսակի կարեւորությունը հայ սպառողի համար, Հանձնաժողովն իր կողմից փորձել է պարզել, թե ինչ հիմնավոր պատճառ կա պանրի գնի բարձրացման համար:
Այդ նպատակով այսօր Հանձնաժողով են հրավիրվել պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ:
Տնտեսվարողների ներկայացրած պարզաբանման համաձայն, գնի բարձրացման հիմնական գործոնը կաթի մթերման գնի ավելացումն է:
Այսպես, պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները նշում են, որ 1 կիլոգրամ պանրի ստացման համար պահանջվում է միջինը 9 լիտր կաթ (բազիային յուղայնությամբ): Կաթը ձեռք է բերվում գյուղացիական տնտեսություններից: Կապված սեզոնայնության գործոնից, կերի գնի բարձրացումից, ինչպես նաև կաթի ծավալների կրճատումից գյուղացիական տնտեսությունների կողմից վերջին շրջանում առաջարկվող կաթի գինը ավելացել է: Այսպես, եթե հունիս-հուլիս ամիսներին իրենք 1 լիտր կաթի դիմաց վճարել են 110 դրամ, ապա հոկտեմբերի 15-ից կաթը ձեռք են բերել 145 դրամով:
«Այսպիսով, տնտեսվարողների բերած հիմնավորումների համաձայն պանրի գնի փոփոխությունը բացառապես տնտեսական գործոնների ազդեցության հետեւանք է: Իսկ պանրի գների վերահսկողությունը դուրս է Հանձնաժողովի լիազորություններից,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հոկտեմբերի 22-ի տվյալներով, «Լոռի» տեսակի պանիրը երեւանյան խոշոր սուպերմարկետներում վաճառվում է 1900-ից 2400 դրամի սահմանում:
Նույն տեսակի պանրի առավելագույն արժեքը 2800 դրամ է: