Կինո պոլիկլինիկաներում
Աջակցիր «Ա1+»-ինԱյս օրերին երեւանյան պոլիկլիկաներում հերթեր են, այնպիսի հերթեր, որ , ինչպես ասաց, մի պացիենտ, «կովիդով հիվանդ էլ չլինես, կհաջողացնես վարակվել»։
Հերթում կանգնած մեր աշխատակիցը փորձել է ներկայացնել իրավիճակը՝ առանց անուններ նշելու, բայց հերթում կանգնածների խոսքերը բառացիորեն ներկայացնելով։
Չնայած օրը նոր է բացվել, բայց նախկին մանկապարտեզի հին շենքի մի հատվածում տեղակայված պոլիկլինիկայում բազմամարդ էր՝ նման ակտիվություն ու աժիոտաժ հին մանկապարտեզների շենքերի մոտ մեկ էլ լինում են ընտրություններին, երբ մանկապարտեզները վերածվում են ընտրատեղամասի:
Գնում են զանգվածաբար, բոլոր գնացողների նպատակը մեկն է՝ պատվաստվելու են, ու չկա գեթ մեկ անձ, ով գնում է` ասենք լյարդը ստուգելու կամ շաքարային դիաբետի խնդրով:
Ու այն երկուսուկես ժամվա ընթացքում, որ սպասում ես քո բաժին պատվաստանյութին, շուրջդ մի փոքրիկ կինո է զարգանում:
Ընդունարանում նստած կինը, որ հերթ է բաժանում (թեև մեկը կատակեց, որ ոչ թե հերթ, այլ բախտ է բաժանում) փորձում է կարգուկանոն մտցնել, նոր հերթագրվածներին խնդրում է սպասել դրսում: Բնականաբար, լսող չկա, բոլորը ներսում են՝ ահով, որ իրենից առաջ սպասող 50 հոգին կարող է մի քանի րոպեում պատվաստվեն, դուրս գան, հանկարծ իր հերթն անցնի:
Դրսում սպասողներն ունեն առավելություն՝ մաքուր օդ են շնչում։ Ներսում սպասողների համար նախատեսված սրահը մեծ չէ: Մի նստարան է դրված, վրան 4 հոգի տեղավորված՝ նստելու իրենց բախտից գոհացած, «Մուրադի» հայացքով նայում են կանգնածներին, դեռ մի բան էլ փնթփնթում, թե կանգնածները շատացան, իրենց օդը չի հերիքում:
Ջղային մի տղամարդ փորձում է արդարություն հաստատել ու թույլ չի տալիս, որ թեկուզ հարց տալու համար որևէ «պաստարոննի» անձ մտնի պատվաստվելու սենյակ: Մի երիտասարդ հումորներ է անում պատվաստվողների վրա. «Ասում եմ՝ էն չինականով սրսկվածները հեսա չինարեն խոսալով են դուրս գալու»,-ու ծիծաղում է իր ասածի վրա:
Ու երբ փոքրիկ սենյակը գերլցվեց պատվաստվել պատրաստվողներով, «վերևներից» եկած ինչ-որ մեկի հրամանով, հերթ այդպես էլ չկանգնած մի «օտար մարմին»՝ երիտասարդ մի աղջիկ, բժշկուհու հետ քչփչալով, մարդկանց ճեղքեց-անցավ ու պատվաստման սենյակ մտավ:
Այնուհետեւ սկսվեց գոռոցների կրակահերթ:
Մեկը գոռաց․«Բռնեք դրան, էսի մեր հետ հերթ կանցնած չէր, որտեղի՞ց եկավ»:
Խայտաբղետ աշնանագույն մազերով տիկինը հրահանգեց. «Մեկնումեկդ բացե՛ք դուռը, դրան հենց հիմա դուրս հրավիրեք, հա՞»:
Ջղային տղամարդը հանձն առավ կատարել. հենց կարծես նման ոգևորիչ խոսքի սպասելով՝ դուռը բացեց ու հայացքով գտնելով «օտար մարմնին»՝ ասաց. «Աղջիկ ջան, դե կներեք, մենք էլ նենց խո՞տ էինք ուտում»:
Աղջիկը, թե բա՝ ես մի բան պետք է հարցնեմ ու շուտ դուրս գամ:
Արարն այսպես չավարտվեց։
Բժշկուհին գոռում է՝ ընկեր ջան, դուռը հենց հիմա փակեք, մեզ մի խանգարեք:
Խայտաբղետ մազերով կինը գոռում էր՝ հեսա կիջնեմ տնօրենի մոտ, կասեմ ձեզ, որը որից հետո է ու հերթը ոնց է:
Հերթ բաժանող աշխատակցուհին գոռում է. «Էսքան բանը հասկանում էիք, շուտ գայիք պատվաստվելու, ոչ թե թողեիք վերջին օրվան: Սաղ ամառ օրը սկի 1 հոգի չի եկել պատվաստվելու»:
Խուլ ձայնով տարեց տղամարդը ասում է. «Հիմի է հարմար, հիմի եմ գալիս, այ քեզ կնիկ, դու ե՞ս իմ կնիկը, որ դու ինձ ասես՝ երբ գամ, պատվաստվեմ»:
Մանուշակագույն պիջակով մի տիկին վրա է բերում. ««Մոդեռնան» ամառը բերեիք, ամառը գայինք, պատվաստվեինք»:
Ու այսպես, համընդհանուր ժխորը, ինչպես բոլոր ժխորները, մեկ մի քիչ հանդարտվում, մեկ ահագնանում էր: Հարաբերական «հրադադարներից» մեկի ընթացքում պատին հենված լռակյաց մի կին որոշեց իր կարծիքը հայտնել. «Ասա ոչ մեկդ չէիք ուզում պատվաստվեիք, բոլորդ դեմ էիք, չիպ-միպ էիք խոսում, ի՞նչ մի բոլորովդ հենց էսօր եկաք»:
Պատասխանը չուշացավ։
«Յաաաա, մենք չուզողն էինք, դու էլ տենց պատվաստման համար մեռած էիր, հա՞ : Էտքան դուրդ գալիս էր, էն հերթի կինը լավ ասեց՝ ամառը գայիր, տո ձմեռն էլ գայիր, ամեն օր էլ գայիր սրսկվեիր, ստեղ չկայնեիր: Մեղա քեզ»,- ասաց ամենաակտիվ կինը, ու այս ռաունդն ավարտվեց։