«Շանս է ոչ թե «Ա1+»-ի, այլ` իշխանությունների համար»
«Ա1+» հեռուստաընկերությունը թվային հեռարձակման թիվ 11 մրցույթում մրցելու է «Արմնյուզ» ՍՊ ընկերության հետ: Այս մասին հայտարարվել է ՀՌԱՀ-ի նիստում: 18 մրցույթից ընդամենը երկուսում են ներկայացվել մեկից ավելի հայտեր: «Ա1+»-ն ու «Արմնյուզ»-ը դիմել են լրատվական ուղղության հեռուստաալիքի կապուղի ստանալու համար: Մրցութային փաթեթները բացվելու են հոկտեմբերի 28-ին: Մեր հարցերին պատասխանում է «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:
- 6 տարի առաջ «Ա1+»-ը մեկ անգամ արդեն «մրցել է» «Արմնյուզ»-ի հետ եւ ՀՌԱՀ-ի կողմից պարտվող ճանաչել: Ձեր կարծիքով պատահակա՞ն է, որ Ձեր մրցակիցը կրկին «Արմնյուզն է»:
- Չեմ կարծում, որ պատահական է: Այսօր «Արմնյուզը» կապուղի է զբաղեցնում որպես լրատվական ալիք: Մեր առաջին հանդիպման ընթացքում «Արմնյուզը» տապալվեց, անկախ նրանից, թե ինչ գնահատական տվեց նրան ՀՌԱՀ-ը: «Արմնյուզն» այս տարիների ընթացքում իր մրցույթային ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչել, որեւէ առաջընթաց դաշտում չի ապրել, քանի որ իր ծրագիրը ընդամենը հեքիաթ էր, որն այսօրվա նրա վիճակի հետ որեւէ կապ չունի:
- Ձեր ծրագիրն ինչպիսի՞ն է, հեքիաթ չէ՞:
- Մենք միշտ ներկայացնում ենք իրատեսական ծրագրեր` ռեալ հաշվարկներով:
- Անկախ Ձեր ներկայացրած ծրագրերից, փաստն այն է, որ «Ա1+»-ը ՀՌԱՀ մրցույթներում ռեկորդակիր «պարտվող է»: Ի՞նչ եք կարծում, այս անգամ ՀՌԱՀ-ը իր որոշումը կայացնելու է` հիմք ընդունելով «Ա1+»-ի ներկայացրած ծրագիրը, թե՞ հերթական քաղաքական պատվերն է իրականացնելու:
- Փաստն այն է, որ այսօր Հայաստանի իշխանություններին որեւէ ոլորտում պրոֆեսիոնալներ պետք չեն: Այն մարդիկ, ովքեր պատահական հայտնվում են հեռարձակման ոլորտում, նրանց շնորհիվ ձեւավորվում է այն, ինչ այսօր մենք ունենք Հայաստանում` անիմաստ հեռուստատեսություն` անիմաստ լրատվությամբ:
- Ի՞նչ խնդիր են լուծում այսօրվա հեռուստաընկերությունները:
- Ընդամենը մեկ խնդիր` առաջին դեմքերի աթոռն ու թիկունքն են փորձում պաշտպանել, սակայն նույն իշխանությունները հոգնել են այդ հեռուստաընկերություններից, որովհետեւ այդ ամենը անում են շատ անգրագետ եւ փնթի:
- Դուք ի՞նչ խնդիր եք պատրաստվում լուծել:
- «Ա1+» խնդիրը եղել եւ մնում է նույնը` ժողովուրդը պետք է տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում իր երկրում եւ ինչ է իրեն սպասվում վաղը: Եթե այդ խնդիրը չլուծվի, նույն իշխանությունները մնալու են մոլորության մեջ, որի մեջ արդեն «խեղդվել» են եւ իր իրենց հետեից այսօր փորձում են տանել ժողովրդին:
- «Ա1+»-ի կարգախոսն է`«Դիտեք մեզ, ճանաչեք ձեզ»: Այս տարիների ընթացքում չհամոզվեցի՞ք, որ այս իշխանությունները պատրաստ չեն իրենք իրենց տեսնել, չե՞ք պատրաստվում փոխել Ձեր կարգախոսը:
- Ոչ, չեմ պատրաստվում: Այդ կարգախոսը չի վերաբերվում իշխանություններին, այն ուղղված է ժողովրդին: Ժողովուրդը պետք է դիտի եւ ճանաչի իրեն, հասկանա իր դերն այս երկրում: Դա է «Ա1+» -ի խնդիրը, եթե իշխանությունները ցանկանում են, կարող են միանալ ժողովրդին: Դա իրենց խնդիրն է:
- Ձեր կարծիքով, ի՞նչ է սպասում «Ա1+»-ին առաջիկա մրցույթում:
- Անկախ նրանից, թե ինչ գնահատական կդնի մեզ ՀՌԱՀ-ը, մենք համոզված ենք, որ մեր ծրագիրը հաղթելու է: Ինչպես ասում են`մեղքը ՀՌԱՀ-ի վիզը: Ես կարծում եմ, որ այս անգամ ՀՀ իշխանությունները հեռատես կգտնվեն, եւ կկանխեն «Ա1+» -ի նոր հայցի լսումը Եվրադատարանում: Առաջիկա մրցույթը շանս է ոչ թե «Ա1+»-ի համար, այլեւ ՀՌԱՀ-ի` վերջապես օրինական դաշտ վերադառնալու համար:
- ԵԽ Գլխավոր քարտուղարը Երեւանում հայտարարեց, որ իրենք քաջատեղյակ են «Ա1+»-ի խնդրին, այդ հարցը բարձրացնում է ՀՀ իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում, սակայն խնդիրը պետք է լուծվի մեր ազգային ինստիտուտների կողմից: Չե՞ք կարծում, որ «Ա1+»-ի հարցը դարձել է գործիք միջազգային կառույցների ձեռքում` հարկ եղած դեպքում ՀՀ իշխանություններին ճնշելու համար:
- Դա ոչ թե «Ա1+»-ի շնորհիվ է, այլ` մեր իշխանությունների հիմարության: Այս մրցույթում նրանք շանս ունեն ավելի խոհեմ գտնվելու եւ մաքրվելու: Թող օգտվեն:
- Ինչպե՞ս եք վերաբերում այն ձեւակերպմանը, թե «Ա1+»-ը ընդդիմադիր հեռուստաընկերություն է:
- Դա անգրագետ ձեւակերպում է: Ընդհանրապես ընդդիմադիր կամ իշխանամետ հեռուստաընկերություն կամ ԶԼՄ չի լինում:
- Դուք այդպես եք ասում, սակայն առաջին անգամ ՀՌԱՀ-ը «Ա1+»-ին մրցակցին հաղթող ճանաչեց, քանի որ նա իր մրցութային ծրագրում խոստացել էր «բարի» լուրեր հաղորդել:
- Բարի լուրեր «Ա1+»-ն այսօր էլ չի հաղորդում եւ ապագայում էլ չի հաղորդելու: Լուրը բարի կամ չար չի լինում, լուրը` լուր է: Եթե ՀՌԱՀ-ը բարի լուրերի պակաս ունի, թող մի հեռուստաընկերություն էլ բացի Գրիգոր Ամալյանն եւ իր համար մատուցի բարի լուրեր: Մեր ժողովուրդն այսօր օբյեկտիվ լրատվության պակաս ունի:
- Դուք ասում եք, որ հեռուստաընկերություն ընդդիմադիր կամ իշխանամետ չի լինում: Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ թե խորհրդարանական եւ թե արտախորհրդարանական ընդդիմությունն անընդհատ բարձրացնում է «Ա1+»-ի հարցը:
- «Ա1+»-ի հարցն այսօր բարձրացնում են նաեւ եւրոպական կառույցները, ԱՄՆ պետդեպարտամենտը, իրավապաշտպան կազմակերպությունները: Եթե երկրում իշխանությունները թույլ են տալիս անօրինականություններ, ընդդիմությունը պարտավոր է բարձրաձայնել այդ մասին: Իսկ որեւէ մեկը կասկած չունի, որ «Ա1+»-ը եթերազրկվել է իշխանությունների անօրինականությունների արդյունքում: Ի տարբերություն իշխանությունների` ընդդիմությունը հասկացել է, թե ինչ է նշանակում ազատ խոսք:
- Նախքան 2002թ. «Ա1+ը»-ի եթերազրկումը` «Ա1»-ը մեկ անգամ եթերազրկվել է այսօրվա ընդդիմության իշխանության տարիներին: Սա չի նշանակում, որ անկախ նրանից, ովքեր են իշխանության «Ա1+» ը իշխանությունների համար անընդունելի է:
- Պետության կայացման ճանապարհին շատ սխալներ են լինում: Եթերազրկումը այս սխալներից մեկն էր: Փառք Աստծո, որ այն մարդիկ, ովքեր մինչեւ 2002թ. թույլ են տվել «Ա1+»-ի եթերազրկումը հասկացել են, որ դա սխալ էր: Այսօր այդ մարդիկ իշխանության չեն: Ես երբեք չեմ ցանկանա, որ այս վարչախումբը իր գործած սխալը հասկանա` իշխանությունը կորցնելուց հետո: Ես հույսով եմ, որ «Ա1+»-ի եթեր կվերադառնա շատ ավելի շուտ:
- Մրցույթից առաջ ի պաշտպանություն «Ա1+»-ի` ստեղծվել է «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը: Ո՞րն է դրա նպատակը:
- Ես մեծ ուրախությամբ ընդունեցի այդ լուրը: Ինձ համար բոլորովին կարեւոր չէ, թե որքան գումար կհավաքվի, շատ հստակ նշված է. որ փոխանցվող գումարները լինելու են սիմվոլիկ: Այստեղ կարեւորն այն գաղափարն է, որ ժողովուրդը, այդ թվում` ՀՀ-ից սահմաններից դուրս ապրող մարդիկ կարող են ձեւավորել իրենց համար նախընտրելի հեռուստատեսությունը: Ես սպասում եմ շատ ձայների, որոնք մեծ նշանակություն կունենան հոկտեմբերի 28-ին, երբ ՀՌԱՀ-ը կբացի մրցույթների փաթեթները: Այդ ձայները կվկայեն, որ մեր ժողովուրդը «Ա1+»-ին ցանկանում է տեսնել եթերում:
- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մրցակցի «Արմնյուզի» շանսերը առաջիկա մրցույթում:
- Նախ ես մրցույթին մասնակցող բոլոր հեռուստաընկերություններին մաղթում եմ հաջողություն` ազնիվ եւ արդար մրցույթում: Եթե «Արմնյուզի» ներկայացրած ծրագիրն իսկապես հաղթի, ես առաջինը կշնորհավորեմ նրան: Սակայն նախկին մրցույթում նրա ներկայացրած ծրագիրն ու լրատվական դաշտում նրա այսօրվա գործունեությունն այլ բան են հուշում:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը