Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքները ներկայացրել է Կառավարության նիստում  

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 21-ի նիստում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկատվություն է ներկայացրել ուսուցիչների  կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ:

Համաձայն նախարարի ներկայացրած տեղեկատվության` կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի  ստուգմանը մասնակցել են 996 ուսուցիչներ, ինչը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը` 468 ուսուցիչ, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանա 30-50 տոկոս հավելավճար: 

«Ուսուցչի  միջին աշխատավարձը մեկ դրույքի համար կազմում է մոտ 125 հազար դրամ: 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցչի աշխատավարձը, այսպիսով, կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոս հավելավճարի բարձրացումը կկազմի 50 հազար դրամ, իսկ 50 տոկոս հավելավճարի պարագայում բարձրացումը կկազմի  մոտ 62 հազար դրամ»,- նշել է Վահրամ Դումանյանը` տեղեկացնելով, որ կամավոր ատեստավորման գործընթացով նախատեսված գիտելիքների ստուգումները 2021 թվականի սեպտեմբերի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին անցկացվել են 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Հաջորդ տարվանից կամավոր ատեստավորմանը կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդվող բոլոր առարկաների ուսուցիչները:

ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ կամավոր ատեստավորման արդյունքում, ըստ առարկաների, հավելավճար ստացող ուսուցիչների շրջանում տոկոսային հարաբերությամբ առաջին տեղում մաթեմատիկայի ուսուցիչներն են (հավելավճարի իրավունք  է ստացել մասնակիցների 87 տոկոսը), երկրորդ տեղում՝ ֆիզիկայի (հավելավճարի իրավունք է ստացել մասնակիցների 56 տոկոսը), իսկ երրորդ տեղում հայերենի (հավելավճարի իրավունք է ստացել մասնակիցների 41 տոկոսը) ուսուցիչներն են: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաներից` համապատասխանաբար 11 և 20 տոկոս: Ըստ մարզերի՝ ամենաբարձր արդյունքն ապահովել են համապատասխանաբար Սյունիքի (հավելավճար կստանա ատեստավորման մասնակիցների 56 տոկոսը), Շիրակի (հավելավճար կստանա ատեստավորման մասնակիցների 54 տոկոսը) և Կոտայքի (հավելավճար կստանա ատեստավորման մասնակիցների 52 տոկոսը)   ուսուցիչները: 

Կամավոր ատեստավորման գիտելիքի ստուգման առարկայական թեստերը կազմել է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Այս փուլում բավարար միավորներ չհավաքած ուսուցիչները կունենան ատեստավորմանը մասնակցելու հավելյալ հնարավորություն՝ համակարգի կատարելագործմանը զուգահեռ:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ բացի կամավոր ատեստավորումից՝ զուգահեռ գործում է ուսուցչի որակավորման տարակարգի համակարգը, որը նույնպես աշխատավարձի բարձրացման հնարավորություն է տալիս 10-50 տոկոսի չափով: 

«Այս պահին մենք ունենք կամավոր ատեստավորմամբ հավելավճարի իրավունք ստացած ուսուցիչներ, որոնք ունեն նաև որակավորման տարակարգ: Այս ուսուցիչներն արդեն հոկտեմբերից կարող են ստանալ 70-80 տոկոս և անգամ ավելի բարձր հավելավճար»,- փաստել է Վահրամ Դումանյանը: Ամփոփելով խոսքը` ԿԳՄՍ նախարարը նշել է, որ կամավոր ատեստավորման հիմնական նպատակն ուսուցչի աշխատավարձի և մասնագիտական որակավորման աճի խթանումն է: Հաշվի առնելով արդյունքները, ինչպես նաև արված դիտողություններն ու նկատված բացթողումները՝ կամավոր ատեստավորման համակարգը կկատարելագործվի:  

«Ողջունում եմ բոլոր ուսուցիչներին, ովքեր մասնակցել են կամավոր ատեստավորմանը, շնորհավորում եմ նրանց, որոնք, ըստ ստացած միավորների, արդեն հոկտեմբերից ստանալու են հավելավճար»,- Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ուսուցչի աշխատավարձի բարձրացումը և մասնագիտական որակավորման աճը պետության ուշադրության կենտրոնում են: 

Անդրադառնալով կրթության ոլորտի բարեփոխումների քաղաքականությանը` վարչապետը նշել է, որ կանցկացվի կամավոր ատեստավորում բոլոր առարկաների ուսուցիչների համար: 

«Մեր ակնկալիքն այն չէ, որ բոլոր առարկաների բոլոր ուսուցիչները միանգամից մասնակցեն կամավոր ատեստավորմանը: Դա կարող է արվել փուլերով բոլորի համար:  Հաջորդաբար  արդեն  ատեստավորված ուսուցիչները կամավորության սկզբունքով կարող են նոր ատեստավորում անցնել ավելի բարձր չափանիշներով՝ դրա դիմաց ակնկալելով վարձատրության ավելի բարձր սանդղակ»,- նշել  է նա: 

Ըստ վարչապետի` ուսուցչի աշխատավարձի բարձրացման շղթան ատեստավորման ճանապարհով կդառնա ամբողջական. «Մենք ուզում ենք քաջալերել ուսուցիչներին, որ նրանք, անցնելով ատեստավորում, իրենց համար ապահովեն ավելի բարձր աշխատավարձ: Կառավարությունը կարևորում է, որ դպրոցներում աշխատեն ավելի բարձր մասնագիտական որակավորում ունեցող մանկավարժներ»: 

Կառավարության նիստում ծավալվել է քննարկում ուսուցիչների  կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ: Իրավապահ համակարգի ներկայացուցիչների նկատառումներին ի պատասխան` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ կամավոր ատեստավորման համակարգում սուբյեկտիվիզմ չկա:

Գործադիրի նիստում վարչապետն անդրադարձել է մենթոր դպրոցների համակարգի փորձարկմանը, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, դպրոցաշինության և նոր լաբորատորիաների ձեռքբերման պետական ծրագրերին` շեշտելով, որ Կառավարության ծրագրով նախատեսված հանրակրթության ոլորտի բարեփոխումներն իրականացվում են մեծ թափով: Վարչապետի խոսքով` բարեփոխումների համալիր ծրագիր է իրականացվելու նաև նախադպրոցական կրթության ոլորտում: 

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ