Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+Aleksanyan (2)
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը 30 տարեկան է

Այսօր ծննդյան 30-ամյակն է նշում Եվրոպայի, աշխարհի բազմակի, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

 

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին, Գյումրիում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ 2007-2010 թվականներին հանդես է եկել պատանեկան առաջնություններում։ 2010 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն պատանիների 84 կգ քաշային կարգում։

 

2011 թվականին Արթուրը տեղափոխվել է ավելի ծանր քաշային կարգ։ Հայաստանի առաջնությունում հաղթելուց հետո նա համալրել է Հայաստանի ազգային հավաքականի շարքերը (2011 թվականին նաև Հայաստանի սպորտի վարպետի կոչմանն է արժանացել)։ Նրա մեկնարկային առաջնությունը Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ նա հասավ մինչև եզրափակիչ, սակայն պարտվեց բելառուս Մատվեյ Ձեյնիչենկոյին։

 

2012 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճել է ոսկե մեդալ։ Այդ առաջնության ընթացքում նա հաղթել է 5 գոտեմարտում՝ մրցակիցներին տալով ընդամենը մեկ միավոր։ Ապա հաղթել է Սոֆիայի վարկանիշային մրցաշարում և ստացել Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք։ Կիսաեզրափակիչում նա պարտվել է ապագա օլիմպիական չեմպիոն Գասեմ Ռեզաիին (Իրան), բայց հետագայում հաղթելով Թուրքիան և Կուբան ներկայացնող մարզիկներին, նվաճել է բրոնզե մեդալ։ 2012թ Սերբիայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Այն պաշտպանել է 2013-14թթ:

 

2014 թվականին Տաշքենդում Արթուրն առաջին անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում Այդ կոչումը պաշտպանել է մինչև 2017թ:

 

2016 թվականի օգոստոսի 17-ին, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում, նա հռչակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը` Ատլանտայի օլիմպիական խաղերում նույն ոճի ըմբիշ Արմեն Նազարյանի նվաճած ոսկուց հետո։

 

2018 և 2020 թավականներին կրկին նվաճել է Եվրոպայի ոսկե մեդալները: 2019-ին դարձել է աշխարհի փոխչեմպիոն: Այս տարի կայացած Տոկիոյի օլիմպիական խաղերում արժանացել է արծաթե մեդալ:

 

Այդպիսով, 2011թ սկսած Արթուր Ալեքսանյանն ամեն տարի դարձել է օլիմպիական խաղերի աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր: Այդ տասնամյակի ընթացքում նա նվաճել է 16 մեդալ` 9 ոսկի, 5` արծաթ, 2` բրոնզ:

 

Շնորհավորում ենք Արթուր Ալեքսանյանին և մաղթում նոր հաղթանակներ: