Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Լիվերպուլը» և «Այաքսը» անկասելի են, իսկ «Միլանը»` անհույս. Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 3-րդ տուրի առաջին խաղերը:

 

Ընտրական A խմբում աղյուսակը սկսեց գլխավորել «ՊՍԺ»-ն, որը սեփական դաշտում հաղթեց գերմանական «ՌԲ Լայպցիգին»` 3:2 և վաստակեց 7 միավոր: Ֆրանսիայի չեմպիոնին հաղթանակ պարգևեց թիմի նորեկ Լիոնել Մեսին, որը երկրորդ խաղակեսում նախ դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը, ապա անվրեպ իրացրեց 11 մետրանոցը: Ֆրանսիացիների հարձակվող Կիլիան Մբապեն, որն առաջինը բացեց հաշիվը, իր արդյունավետ գործողությունները չեմպիոնների լիգայում հասցրեց 46-ի` 28 գոլ+18 արդյունավետ փոխանցում:

 

Այս խմբում 2-րդ տեղ բարձրացավ «Մանչեսթեր Սիթին», որը հյուրընկալվելիս պարզապես ջախջախեց «Բրյուգեին»` 5:1: Անգլիական թիմը վաստակեց 6 միավոր և շրջանցեց հենց բելգիական թիմին:

 

B խմբում անկասելի է անգլիական «Լիվերպուլը», որը հյուրընկալվելիս 3:2 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Աթլետիկոյին» և տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց եգիպտացի Մոհամեդ Սալահը, որը աչքի ընկավ 9-րդ անընդմեջ խաղում: Դա անգլիական ակումբի նոր ռեկորդ է: Մադրիդցիներից երկու գոլ խփեց ֆրանսիացի Անտուան Գրիզմանը, սակայն նա հետո կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից:

Իտալիայի Ա սերիայի առաջատարներից մեկը` «Միլանը», հակառակը, հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց «Պորտուին» և կրեց երրորդ անընդմեջ պարտությունը: Պորտուգալական թիմը միավորներով (4) հավասարվեց «Աթլետիկոյին»:

 

C խմբում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ «Այաքսը», որը սեփական դաշտում ջախջախեց Դորտմունդի «Բորուսիային»` 4:0: Նիդեռլանդցիների հարձակվող Սեբաստյան Ալեն խփեց իր 6-րդ գոլը և շարունակում է գլխավորել ռմբարկուների աղյուսակը: Չնայած պարտությանը, «Բորուսիան» 6 միավորով վստահ զբաղեցնում է 2-րդ տեղը:

Այս խմբում հանդես եկող Լիսաբոնի «Սպորտինգը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախեց «Բեշիկթաշին» և վաստակեց առաջին երեք միավորները: Թուրքական ակումբը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը:

 

D խմբի առաջատար «Շերիֆը», որը մեկնարկում տարել է 2 հաղթանակ, այս անգամ Միլանում 1:3 հաշվով պարտվեց տեղի «Ինտերին»: Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 5 անպատասխան գոլ խփեց Դոնեցկի «Շախտյորին» և տարավ երկրորդ հաղթանակը: Իսպանական ակումբը և Մոլդովայի չեմպիոնը 6-ական միավորով բաժանում են 1-ին տեղը:

Տուրի մնացած խաղերը կկայանան այսօր:

«Բարսելոնա» - «Դինամո» Կիև

«Զալցբուրգ» - «Վոլֆսբուրգ»

«Բենֆիկա» - «Բավարիա»

«Չելսի» - «Մալմյո»

«Լիլ» - «Սևիլյա»

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ատալանտա»

«Յանգ Բոյզ» - «Վիլյառեալ»

«Զենիթ» - «Յուվենթուս»