Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Գերիների նոր խումբ է վերադառնում Բաքվից (տեսանյութ)

Բաքվից Երևան է տեղափոխվում ռազմագերիների նոր խումբ։  Ինքնաթիռը շուտով Երևանում կլինի։
Նախնական տվյալներով՝  վերադարձվում է հինգ գերի։ Նրանց անունները հրապարակվել են։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստան են վերադառնում 5 հայ ռազմագերիներ՝  Ամբարդանյան Մելս , Կարապետյան Ռաֆիկ , Մանուկյան Ժորա , Սողոմոնյան Սեդրակ ,Մանուկյան Հովսեփ»։

Ռուսական խաղաղապահ զորախումբը հայտնում է, որ նրանք վերադարձել են ռուսական կողմի միջնորդությամբ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման շրջանակներում։

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը լուսանկարներ է հրապարակել՝ այս գրառմամբ

«ՀՀ-ում ՌԴ դեսպան Ս.Պ.Կոպիրկինը «Էրեբունի» օդանավակայանում դիմավորել է ռուսական օդուժի ինքնաթիռին, որը Ադրբեջանից վերադարձել է ՀՀ հինգ քաղաքացիների՝ ռուսական կողմի միջնորդությամբ»։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝  Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3788 անձ։ 04.10.2021թ. դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Այսօրվա գերիների վերադարձից հետո՝  Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 113 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։