Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան
A A
Քաղաքականություն Տնտեսություն

ՌԴ-ն առանցքային դերակատարում ունի ոչ միայն տարածաշրջանում խաղաղության պահպանման, այլև երկրի տնտեսության մեջ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանը

 

Հարգելի՛ բարեկամներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

 

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ողջունել Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի բոլոր մասնակիցներին:

 

Ուրախ ենք հյուրընկալել Ռուսաստանից ժամանած մեր բոլոր հյուրերին: 

 

Միջտարածաշրջանային համաժողովները ունեն արդեն տաս տարվա պատմություն:

Դրանք դարձել են մեր երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակներում համագործակցության կարևոր ինստիտուտներից մեկը: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունը, որը խարսխված է շուրջ երկու տասնյակ համաձայնագրերի վրա, ունի հիրավի լայն աշխարհագրություն: Այն ներառում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերը և Ռուսաստանի Դաշնության ամենատարբեր անկյուններում գտնվող վարչական միավորներ, այթ թվում՝ Լենինգրադի և Օրենբուրգի, Յարոսլավլի և Օմսկի,  Ուլյանովսկի և Արխանգելսկի, Ռոստովի և Վոլոգդայի մարզերը: Այս կապերի առկայությունը մեր երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունների վառ դրսևորումներից է:

 

Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն առանցքային դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, այլ նաև կենտրոնական տեղ և դեր մեր երկրի տնտեսության մեջ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը:

 

2019 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2.0 մլրդ դոլարի շեմը, իսկ այս տարի արդեն արձանագրել են առևտրաշրջանառության երկնիշ աճ:

 

Ռուսաստանը նաև առաջատար է Հայաստանում կատարվող ներդրումների առումով և բացառիկ դերակատարում ունի մեր երկրի ենթակառույցների զարգացման գործում: Վերջերս կատարված ներդրումներից հարկ է մասնավորապես առանձնացնել համավարակի դեմ պայքարի պայմաններում մեր երկրի համար հատկապես կարևոր  Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի թողարկման նպատակով տեխնոլոգիական տրանսֆերի իրականացումը:

 

Մեր երկու երկրների միջև առկա տնտեսական համագործակցության մակարդակը  համապատասխանում է դաշնակցային հարաբերությունների բնույթից բխող պահանջներին, սակայն դա բնավ չի ենթադրում ստատիկ իրավիճակի ամրագրում, հակառակը՝ պահանջում է մշտական աշխատանք, զարգացում և կատարելագործում:

 

Աշխարհը սրընթաց կերպով փոխվում է, և մեր հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ փոփոխությունների արդյունքում ծնված պահանջներին: Մեզ անհրաժեշտ է կատարելագործել մեր տնտեսական հարաբերություններն այնպես, որ դրանք նպաստեն մեր երկրներում մրցունակ տնտեսությունների զարգացմանը:  Ասվածի համատեքստում կարևոր ենք համարում մեր տնտեսությունների հետագա մերձեցումն ու փոխադարձ ինտեգրումը, որը պետք է հիմնված լինի ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի վրա: Եվրասիական տնտեսական միությունը իր հերթին ծառայում է այդ ռազմավարական նպատակին և մենք շահագրգռված ենք ամրապնդել այդ կառույցը և կատարելագործել նրա ինստիտուտները: Ակնհայտ է նաև մեր տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի հրամայականը:

 

Ի լրումն ավանդական ոլորտների, հարկ է գտնել ճանապարհներ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների և տնտեսության գիտելիքահեն ոլորտներում համագործակցությունն առավել զարգացնելու համար: Համոզված եմ, որ այսօրվա միջոցառումն այն գործիքներից է, որը լավագույնս ծառայում է վերոնշյալ նպատակների իրագործմանը:

 

Վերստին ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին և ցանկանում նրանց արդյունավետ աշխատանք՝ ի սպաս մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման:

 

Շնորհակալություն: