Բացել լրահոսը Փակել լրահոսը
Օրրան
A A
Հասարակություն

«Օրրան»-ը մեկնարկում է երկամյա ծրագիր

Մեկնարկել է  «Հմուտ երիտասարդներ հանուն համայնքի զարգացման» «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող երկամյա ծրագիրը:  Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 111 հազար ԱՄՆ դոլար, որից 100,2 հազար ԱՄՆ դոլարը  տրամադրել է  «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի չորս մարզերի` Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի և Արագածոտնի հեռավոր համայնքների 16-35 տարեկան 200 երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, սոցիալական ներառմանը և ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել վերոնշյալ չորս մարզերի սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները:

Ընտրված մասնակիցները, մասնագիտական հմտություններից բացի կծանոթանան նաև բիզնեսի կառավարման, շուկայի ուսումնասիրության, ձեռնարկատիրական կրթության և ֆինանսական գրագիտության նրբություններին: Մասնակիցներին կտրամադրվեն նաև անհրաժեշտ նյութեր ու գործիքներ գործնական ուսուցման համար:

Ծրագիրը կիրականացվի երկու փուլով: Առաջին տարվա ընթացքում շահառու երիտասարդները կմասնակցեն զբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական գիտելիքների ձեռքբերման տեսական և գործնական դասընթացների: Մասնակիցների հետ կաշխատեն և նրանց կդասավանդեն փորձառու մասնագետներ և դասընթացավարներ:

Երկրորդ տարվա ընթացքում ծրագիրը կնպաստի ձեռնարկությունների ստեղծմանը և մասնակիցների զբաղվածության ապահովմանը։ Ծրագրի ավարտին շահառու երիտասարդները  հնարավորություն կունենան իրենց մարզում աշխատանք գտնել կամ սեփական բիզնեսը հիմնել: Լավագույն բիզնես պլանները ներկայացրած 25 երիտասարդներ կստանան 700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ իրենց բիզնեսի առաջխաղացման համար: