Բացել լրահոսը Փակել լրահոսը
245626688_1876685182504545_6580298140790412600_n
A A
Պաշտոնական

Գնել Սանոսյանն ընդունել է Էներգետիկայի խարտիայի գլխավոր քարտուղարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Էներգետիկայի խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

Նախարարը կարևորել է Հայաստանի անդամակցությունը միջազգային էներգետիկ խարտիային։ Հայաստանի Հանրապետությունն Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը ստորագրել է 1994թ-ին: 2021թ-ին Հայաստանը ստանձնել է Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահությունը մեկ տարի ժամկետով:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այս տարվա սեպտեմբերի 13-ին նշանակվել է համաժողովի նախագահ։ 2021թ. հունիսի 16-ին Հայաստանի նախագահության շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Միջազգային էներգետիկ խարտիայի քարտուղարության հետ համատեղ կազմակերպել է «Էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացումը՝ Կայուն զարգացման համար» խորագրով Միջազգային էներգետիկ խարտիայի Երևանի ֆորումը։

Իսկ այս տարի դեկտեմբերի 14-15-ը Երևանում նախատեսված է Միջազգային էներգետիկ խարտիայի 32-րդ համաժողովը։ Ուրբան Ռուսնակը շնորհավորել է նախարարին պաշտոնին նշանակման կապակցությամբ և կարևորել է օբյեկտիվ դժվարությունների պայմաններում համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են համաժողովի անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։ Հայաստանի համար 2021 թվականի առաջնահերթություններն ուղղված են ազատ և դիվերսիֆիկացված էներգետիկ շուկաների դյուրացմանը, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավավետության խթանմանը, կայուն զարգացման քաղաքականությունների ամրապնդմանը, էներգետիկ ինտեգրման բարելավմանը և էներգիայի հուսալի, նորարարական, թվայնացված և մատչելի մատակարարումների ապահովմանը։ Եվրոպական Էներգետիկ Խարտիան հիմնադրվել է 1991թ-ին` Հաագայում ստորագրված քաղաքական հռչակագրով: Կազմակերպությանն անդամակցում են 51 երկիր: