Բացել լրահոսը Փակել լրահոսը
elections1
A A
Քաղաքականություն

«Անկախ դիտորդ» -ը ընտրական հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացրել երեք դեպքերով

«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 17:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 07:00-ից սկսած դիտարկում է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները 45 տեղամասերում և 4 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:  

Դիտորդները սկսել են իրականացնել դիտարկումը տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստից սկսած: Ժամը 12-ի դրությամբ արձանագրված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք տեսնել այստեղ

Ստորև ներկայացնում ենք տեղամասային և շրջիկ դիտորդների արձանագրած խախտումները ժամը 17:00-ի դրությամբ:  

Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 20%-ում (9 տեղամաս), ընդհանուր՝ առնվազն 26 դեպք: Բազմաթիվ քվեաթերթիկներով քվեարկության դեպքում քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերից 3-ում (Գյումրի), իսկ մեկ քվեաթերթիկով քվեարկության դեպքում՝ դիտարկված տեղամասերից 6-ում։ 

Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 13%-ում (6 տեղամաս), ընդ որում՝ Ֆիոլետովո և Ագարակ համայնքներում այդ դեպքերը կրել են զանգվածային բնույթ, ընդհանուր առմամբ՝ 50 դեպքից ավել։ Ըստ դիտարկումների, սակայն, այս դեպքերը առավելապես չիմացության հետևանք են: 

Զարմանալիորեն, վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերից ընդամենը մեկում: 

Ուշագրավ է նաև, որ արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվեարկությունը բացահայտելու ընդամենը 2 դեպք՝ տարբեր համայնքներում, ինչը կտրուկ տարբերվում է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված պատկերից:   

Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր և ընտրողների կողմից քվեակարգի ընկալման հետ կապված խնդիրներ արձանագրվել են Գյումրիի 3 տեղամասերում: 

Դիտարկված տեղամասերից 14-ում ընտրողին քվեարկել օգնող անձինք չեն եղել տվյալ տեղամասի պատահական ընտրող, ինչը ինքնին ստեղծում է քվեարկության վերահսկման վտանգ, իսկ 4 դեպքում, դիտորդների գնահատմամբ, ընտրողը չի ունեցել իրական օգնության կարիք, իսկ օգնող անձը հաշվի չի առել ընտրողի կամքը:    

Ընտրողներին ոչ բոլոր քվեաթերթիկներն են տրամադրվել տեղամասերից մեկում, իսկ քվեաթերթիկներ լուսանկարելու դեպքեր չեն արձանագրվել: 

Դիտարկված տեղամասերում չեն եղել տպագիր քարոզչական նյութեր, փոխարենը զանգվածային է մերձակա տարածքում տպագիր տարբեր չափսերի պաստառների փակցված մնալը:  

Դիտարկված տեղամասերի 30%-ում (14 տեղամաս) գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ընտրողների ցուցակից, և մեկ դեպք, երբ անձը ներկայացրել է այլ անձի փաստաթղթեր: 

Դիտարկված տեղամասերից երկուսում գրանցվել են դեպքեր, երբ անձը փորձել է իր վրա վերցնել հանձնաժողովի նախագահի գործառույթները: 

Կուտակումներ գրանցվել են դիտարկված տեղամասերից 10-ում, որից 9-ը եղել են տեղամասային կենտրոնի շուրջ՝ 50 մ շառավղով։ Այս դեպքերից 3-ում ծառայություն իրականացնող ոստիկանների գործողությունները բավարար չեն եղել։ Բոլոր դեպքերում ոստիկանության կամ հանձնաժողովի նախագահի հորդորից հետո կուտակումները ցրվում էին և բազմակի կրկնվող բնույթ էին կրում միայն տեղամասերից 2-ի դեպքում: 

Դիտարկված տեղամասերից 3-ում արձանագրվել է վիճաբանության 6 դեպք՝ վստահված անձանց և հանձնաժողովների նախագահների միջև:  

Քվեաթերթիկները քվեասենյակից դուրս հանելու փորձեր եղել են դիտարկված տեղամասերից 3-ում: 2 դեպքում փորձը կասեցվել է։ 

Դիտարկման արդյունքում չի արձանագրվել այլ անձի փոխարեն ստորագրելու, քվեաթերթիկների խոտանման կամ ոչ բոլոր քվեաթերթիկները տրամադրելու որևէ դեպք:  

Տեղամասերում տեղակայված դիտորդների կողմից ընտրողների կազմակերպված տեղափոխություն դիտարկվել է ընդամենը 2 դեպքում․ միաժամանակ, շրջիկ դիտորդների կողմից արձանագրվել են տեղափոխության ևս մի քանի դեպքեր: 

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն օրվա ընթացքում հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացրել երեք դեպքերով, այդ թվում՝ «Առուշ Առուշանյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառները չհեռացնելու մասին։ 

Դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով: 

«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ