Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Սիրտս ֆրանսահայ է, բայց ես հայ եմ»․ Արցախի վերջին պատերազմում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված գիտաբժշկական համաժողով․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

 

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսանում այսօր մեկնարկեց Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը: Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոց միացել են հայ գործընկերներին՝ Արցախում վերջին հակամարտությունից տուժածներին օգնելու նպատակով:

Համաժողովի բացումն ազդարարեց  ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը: Հանդիսավոր խոսքում նա ողջունեց Հայաստանի Հանրապետության ոլորտային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներին, Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ան Լույոյին և համաժողովի մասնակիցներին:

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ բժշկագիտությունը մարդկության պատմության ընթացքում ամենադաժան իրադարձությունների արդյունքում ունեցել է վիթխարի փոփոխություններ: «Ցավոք, այսօր մեր քննարկման առարկան ոչ թե ինովացիոն փոփոխություններն են, այլ ինչպես օգնել մեր այն հայրենակիցներին՝ զինվորներին, խաղաղ բնակիչներին, որոնք տուժել են պատերազմի արդյունքում»,-ընդգծեց նա:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ան Լույոն հիշեցրեց, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին։ «Մենք գիտենք՝ ինչպիսի հետևանքներ ունեցավ այս պատերազմը։ Նախագահ Էմանուել Մակրոնը մշտապես եղել է Հայաստանի կողքին»,- ընդգծեց դեսպանը՝ ավելացնելով, որ 15-ից ավելի առաքելություն է այցելել Հայաստան։ Ֆրանսիացի մասնագետները, դիվանագետի խոսքով, մեծ ներգրավվածություն են ունեցել Հայաստանում վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու և նրանց վերականգնման գործում։

Անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ և առողջապահության նախարարների հետ ֆրանսիացի մասնագետների հանդիպմանը՝ դեսպան Ան Լույոն տեղեկացրեց, որ նախանշվեցին հայ-ֆրանսիական երկարաժամկետ համագործակցության հեռանկարները բժշկական ոլորտում։ «Մենք անպայմանորեն հաշվի կառնենք նաև վերապատրաստման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը»,- եզրափակեց ֆրանսիացի դիվանագետը։

Հանրային օգնության Փարիզի հիվանդանոցների ցանցի (AP-HP) գլխավոր տնօրեն Մարտին Հիրշը նշեց, որ հայ և ֆրանսիացի բժիշկների միջև ձևավորվել են մասնագիտական կապեր։ «Ֆրանսիական համալսարանական բժշկությունը գրվել է հայկական ծագում ունեցող մասնագետների հետ։ Նրանք Ֆրանսիայի կարևոր մասնագետներից են։ Բացի դրանից, մեր բժիշկների միջև հաստատվել են նաև ինստիտուցիոնալ կապեր», - ընդգծեց ֆրանսիացի մասնագետը։

Արցախյան հակամարտության օրերին ցուցաբերվող պատերազմական բժշկական օգնությունը, նրա խոսքով, իրենց՝ ֆրանսիացիներին, հիշեցրեց մի քանի տարի առաջ Փարիզում տեղի ունեցած արյունալի ահաբեկչական հարձակումները։

Լիոն քաղաքի քաղաքացիական բուժհաստատությունների ցանցի (HCL) գլխավոր քարտուղար Պատրիկ Դենիելը նշեց, որ դեռ իրենց հիշողության մեջ է հակամարտության բռնության ուժը, որն անցյալ տարի հարվածեց Հայաստանին։ «Նոյեմբերին մեր մասնագետները եկան՝ առաջին օգնություն ցույց տալու Հայաստանին։ Սակայն հիմա ժամանակն է ներգրավվելու առավել կառուցողական ծրագրերում։ Մենք ցանկանում ենք ձեզ հետ համատեղ բազմաթիվ ծրագրեր իրականացնել», - ասաց Պատրիկ Դենիելը։

Լիոնի բուժհաստատությունների համար, նրա խոսքով, կարևոր է աշխատել հայ մասնագետների հետ համատեղ, որպեսզի զարգացում ապահովվի նաև գիտության և կրթության բնագավառներում։

Փարիզի «Նեկկեր» (Necker-Enfants Malades) համալսարանական հիվանդանոցի մանկական քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, Հանրային օգնության Փարիզի հիվանդանոցների ցանցի (AP-HP), բժշկական հանձնաժողովի նախկին նախագահ, ԵՊԲՀ հուշամեդալակիր, պրոֆեսոր Նոել Եղյա Գարաբեդյանը նախքան ելույթը սկսելը շեշտեց․ «Սիրտս ֆրանսահայ է, բայց ես հայ եմ»։

Նրա խոսքով՝ Հայ-ֆրանսիական գիտաբժշկական առաջին համաժողովը նաև երկու ժողովրդի բարեկամության խորհրդանիշն է։

 «Հայ-ֆրանսիական բժշկական համագործակցությունն ամեն անգամ ակտիվացել է ցավալի իրադարձություններից հետո․ սկզբում՝ 1988 թվականի երկրաշարժը, ապա՝ Արցախյան առաջին պատերազմը, իսկ հետո՝ երկրորդ պատերազմը։ Ես կնախընտրեի, որպեսզի այս համագործակցությունն ավելի հանդարտ ընթանար։ Պետք չէ սա ընկալել որպես առաքելություն, սա համագործակցություն է․ մենք այստեղ ենք ձեր կողքին լինելու, ոչ թե ձեզ ինչ-որ բան սովորեցնելու համար», - եզրափակեց հայազգի մասնագետը։

Համագործակցության մասնակիցները  երեք օր՝ հոկտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին, 100-ամյա բժշկական համալսարանում կքննարկեն մասնագիտական բազմաթիվ թեմաներ Արցախի հակամարտության արդյունքում վիրավորների խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովի շրջանակում:

Համաժողովի ընթացքում ֆրանսիացի և հայ մասնագետները կփոխանակվեն փորձով և կսահմանեն Ֆրանսիայի և Հայաստանի միջև բժշկության ոլորտում տևական համագործակցության հեռանկարները:

 

Այս մասում հայտնում է  ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին