Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայաստանն արդեն մոտենում է վառվող կարմիր գոտուն․ նախորդ 14 օրերի համեմատ ունենք Քովիդի 50 տոկոս դեպքերի աճ (տեսանյութ)

Հայաստանը հայտնվել է համաճարակային բարդ իրավիճակում։

«Ըստ Եվրամիության չափանիշների՝ մենք արդեն մոտենում ենք վառվող կարմիր գոտուն։ Հիվանդությունը երիտասարդացել է, և թիրախային խմբում է 30-ից 50 տարեկան ազգաբնակչությունը»,- ասում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարաակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը ։

Նրա խոսքով՝ վերջին երկու շաբաթվա տվյալները փաստում են, որ նախորդ 14 օրերի  համեմատ ունենք   50 տոկոս դեպքերի աճ․ «Վարակի վերարտադրողական ցուցանիշը մեկից բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ վարակը շատ արագ տեմպերով տարածվում է»

Այս  իրավիճակը չի բացառում սահմանափակումների խստացումը։

 «Շատ երկրներում, այդ թվում ԵՄ երկրներում, ՌԴ-ում, կիրառվում են ավելի խիստ սահմանափակող միջոցառումներ: Օրինակ, առանց կանաչ անձնագրի ԵՄ որոշ երկրներում չի թույլատրվում ժամանցի վայրեր այցելել՝ ռեստորաններ, սրճարաններ, բարեր: Նման միջոցառում կա ՌԴ տարբեր քաղաքներում եւս: Հիմա մեզ մոտ քննարկվում է այդպիսի սահմանափակումների անցնելու հարցը»,-ասաց նա:

Կանաչ անձնագիր ստանում են պատվաստված քաղաքացիները։ Ռոմելլա Աբովյանը անդրադառնում է  այն խոսակցություններին, թե որքանով է արդյունավետ պատվաստվելը, եթե միեւնույն է կա վարակվելու վտանգ․

«Պատվաստված անձանց՝ կորոնավիրուսով վարակվելու ռիսկն ավելի քիչ է, քանի որ պատվաստվելուց հետո օրգանիզմում հակամարմիններ են ի հայտ գալիս, և անգամ վարակվելու դեպքում վիրուսը օրգանիզմում ավելի քիչ է զարգանում, քան չպատվաստված անձանց օրգանիզմում: Ի սկզբանե ասվել է, որ պատվաստանյութերն ստեղծված են կանխելու ծանր, ծայրահեղ ծանր դեպքերը և մահվան ելքերը»։

Ռոմելլա Աբովյանը նաեւ հայտնեց, որ չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակը մոտ օրերս կլինի Հայաստանում:

«Պատվաստանյութերի քանակի հետ կապված մի փոքր խնդիր կար, սակայն այս պահի դրությամբ, կարող եմ ասել, որ բացարձակ որևէ խնդիր չունենք: Ասեմ, որ ակտիվ քննարկումներ են գնում «Pfizer» պատվաստանյութի ներկրման ուղղությամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կհայտարարվի, թե այն երբ կլինի Հայաստանում»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Վաղվանից արդեն 14օրը մեկ  աշխատող քաղաքացիները պետք  է գործատուին ներկայացնեն կամ ՊՇՌ թեստ, կամ պատվաստման սերտիֆիկատ, կամ հակացուցման մասին տեղեկանք։ Կա  բացառություն․ կորոնավիրուսից բուժված անձը մինչև 90 օր ազատված է ՊՇՌ թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու պարտադիր պահանջից։

Ասուլիսին  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց, որ խստացնող օրենսդրական փոփոխություններ են սպասվում։

 «Ըստ այդմ՝  եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման փաստը կամ թեստավորման բացասական արդյունքների վերաբերյալ հավաստող փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին անցնել աշխատանքի, իրավունք է ստանում չվճարել  այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ, եթե 30 օր չներկայանալու պայմաններում գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը։ Եթե դա տևում է 50 օր 12 ամսվա ընթացքում ապա գործատուն նույնպես տանում է այդ  իրավունքը պայմանագիրը լուծելու»։  

Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ այդ ընթացքում աշխատողը կորցնում է ամենամյա արձակուրդ կուտակելու հնարավորությունը, և ստաժ չի ավելանալու։

Ի դեպ,  Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։

Հայաստանում հոկտեմբերի 12-ին կատարվել է 8 497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 217 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 14,3 տոկոսը։ Մեկ օրում արձանագրվել է մահվան 28 դեպք։