Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի պետական համալսարան
A A
Պաշտոնական Հասարակություն

Արցախի պետհամալսարանը, հավանաբար, երկուշաբթի օրվանից կանցնի հեռավար աշխատանքի

Արցախի պետական համալսարանը հայտնում է, որ բուհում կայացել է ռեկտորատի նիստ։ Հայտարարության մեջ ասվում է․

«Ի կատարումն ԱՀ կառավարության որոշման՝ հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստը քննարկել է վերջին օրերին երկրում համավարակի աճի հետ կապված ԱրՊՀ-ում ուսուցման գործընթացի կազմակերպման հարցը և կայացրել որոշում, համաձայն որի՝ պահպանելով համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր սանիտարահիգիենիկ պահանջները՝ ուսումնական գործընթացն ավանդական եղանակով շարունակել մինչև հոկտեմբերի 18-ը:

Հոկտեմբերի 18-ին կրկին կգումարվի ռեկտորատի նիստ, և կկայացվի իրավիճակից բխող որոշում: Ռեկտոր Արմեն Սարգսյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարականներ է տվել՝ ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու և համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր պայմանները պահպանելու ուղղությամբ»:

Նշենք, որ երեկ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով վերջին օրերին ՔՈՎԻԴ-19-ի դեպքերի արագ աճը Արցախում և հանրային առողջության հանդեպ ձևավորված զգալի ռիսկերը՝ առողջապահության համակարգի պատասխանատուների կողմից առաջարկվել է կառավարությանը որոշակի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել, որպեսզի հնարավոր լինի ժամանակին ու արդյունավետորեն կանխել հետագա վտանգավոր զարգացումները։