Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Պետք է հոգեբանորեն տրամադրվենք վաղվա խաղին. Խոակին Կապառոս (տեսանյութ)

Բուխարեստի «Ստյաուա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում այսօր կայացավ ֆուտբոլի ԱԱ-2022 որակավորման փուլի Ռումինիա - Հայաստան հանդիպմանն նախախաղային մամուլի ասուլիսը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Տարոն Ոսկանյանի մասնակցությամբ։ Ասուլիսն ընթացավ հարցուպատասխանի ձևաչափով։

 

- Տարոն, արդեն հանդիպել և հաղթել եք Ռումինիայի հավաքականին։ Ինչպիսի՞ մրցակից է այն։

- Մրցակիցը շատ ուժեղ թիմ է, որն երևաց մարտին խաղացած խաղում։ Հիմա պետք է կենտրոնանանք և պատրաստվենք վաղվա խաղին։

- Արդյո՞ք ոչ-ոքին բավարարում է Ձեզ, թե՞ ունեք մեկ այլ ծրագիր։

- Մենք չենք դուրս գալիս խաղադաշտ ոչ-ոքիի համար։ Կփորձենք հաղթել վաղվա խաղում, քանի որ այս խաղը շատ կարևոր է մեզ համար։

- Ի՞նչ հիշողություններ ունեք ռումինական թիմերի դեմ խաղալուց։

- Երկու անգամ հանդիպել եմ ռումինական թիմերի՝ «Կլուժի» և «Ստյաուայի» հետ։ Երկու թիմերն էլ բավական ուժեղ թիմեր էին։

- Նախորդ տարիներին Հայաստանը չի պայքարել ԱԱ դուրս գալու համար։ Ի՞նչ է փոխել Խոակին Կապառոսը, որ թիմն այսպիսի աճ է գրանցել։

- Նոր մոտեցումներ է բերել թիմ, և ստիպել է հավատալ մեր սեփական ուժերին։ Պարոն Կապառոսը շատ փորձառու մարզիչ է, ամեն անգամ նրանից ինչ-որ նոր բան ենք սովորում։

- Ինչպիսի՞ մթնոլորտ և տրամադրվածություն է թիմում Իսլանդիայի խաղից հետո։

- Ճիշտ է, մի փոքր տխրեցինք, քանի որ կարող էինք հաղթել, սակայն արդեն մոռացել ենք այդ խաղը և առավելագույնս տրամադրված ենք վաղվա հանդիպմանը։

- Պարոն Կապառոս, ի՞նչ տպավորություններ ունեք Ռումինիայի հավաքականից։

- Ռումինիան բավական ուժեղ հավաքական ունի, որի կազմում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան։ Ես ինքս առիթ ունեցել եմ աշխատել ռումինացի ֆուտբոլիստների հետ Իսպանիայում, և կարող եմ ասել, որ հաճույք եմ ստացել։

- Բավական դժվար խաղ ունեցանք Իսլանդիայի հետ, այնուհետև երկար ճանապարհ անցաք՝ Ռումինիա հասնելու համար։ Պատրա՞ստ է արդյոք թիմը վաղվա հանդիպմանը։

- Խաղի մեկնարկին դեռ 24 ժամ կա։ Մենք ֆուտբոլիստներին վերականգնվելու ժամանակ կտանք, և վաղն արդեն կորոշենք, թե ով կխաղա։ Մենք բավարարված չենք Իսլանդիայի դեմ հանդիպման արդյունքից, սակայն պետք է հոգեբանորեն տրամադրվենք վաղվա խաղին։

- Ինչպե՞ս եք պատրաստվում խաղալ Ռումինիայի հավաքականի դեմ։

- Լավ հարց եք տալիս։ Վաղը բոլորդ կտեսնեք։

- Ու՞մ կառանձնացնեք Ռումինիայի հավաքականից։

- Կարծում եմ, որ Ռումինիայի հավաքականի դեպքում պետք է առանձնացնել թիմային խաղը։ Նրանք հստակ պատկերացնում են, թե ինչ ֆուտբոլ պետք է խաղան, և դա ամենավտանգավորն է այս պարագայում։

 

Հիշեցնենք, որ Ռումինիա – Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին: