«Միկան» հաղթեց
Երեւանի «Միկա» ակումբի շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի ակումբային առաջնությունում:
Մեր տղամարդկանց թիմը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ մրցաշարում, 4,5:1,5 հաշվով առավելության հասնելով Իսրայելի «Բեէր Շեւայի» նկատմամբ: «Միկային» հաղթանակներ պարգեւեցին Լեւոն Արոնյանը, որը առաջին հանդիպումն անցկացրեց առաջնությունում, Արման Փաշիկյանն ու Զավեն Անդրիասյանը: Մնացած երեք պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ:
Երրորդ տուրում «Միկան» կմրցի Ռուսաստանի «Սանկտ Պետերբուրգ Չեսի» հետ, որը երկրորդ տուրում նվազագույն հաշվով հաղթեց ռուսական «Յուգրային»` 3,5:2,5:
«Միկայի» կանանց թիմը նույնպես հաղթանակ տարավ երկրորդ խաղում` առավելության հասնելով «Սանկտ Պետերբուրգ Չեսի» կանանց թիմին` 3:1: Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, իսկ Հարիկա Դրոնավալին ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղացին:
Այսօր մեր շախմատիստուհիները ուժերը կչափեն Վրաստանի «Սամայա» թիմի հետ, որը նույնպես վաստակել է 4 միավոր եւ չորս առաջատարներից մեկն է: