Բացել լրահոսը Փակել լրահոսը
Cartabia_ministro_armeno_400x300 (1)
A A
Քաղաքականություն

Կարեն Անդրեասյանը հանդիպել է իտալացի գործընկերոջը

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի վեցին, Հռոմում հանդիպել է Իտալիայի արդարադատության նախարար Մարտա Կարտաբիային։

Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է նոր խթան հաղորդելու Հայաստան-Իտալիա հարաբերություններին:

Շեշտելով, որ արդարադատության բարեփոխումները Հայաստանի կառավարության օրակարգի ամենակարևոր ուղղություններից են՝ Կարեն Անդրեասյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում այդ ոլորտում իրականացված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի հակակոռուպցիոն օրակարգին, մարդու իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության, քրեակատարողական համակարգի և այլ ոլորտների բարեփոխումներին:

Կարեն Անդրեասյանը Մարտա Կարտաբիայի հետ զրույցում շեշտել է, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է ստեղծել նոր և թափանցիկ ինստիտուտներ՝ միջազգային, այդ թվում` եվրոպական գործընկերների աջակցությամբ։ Այդ համատեքստում, նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Իտալիային «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրի ներդրման համար, որով ԵԱՀԿ-ն օգնում է ՀՀ կառավարությանը ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հիշեցնենք, որ Ծրագրի հիմնական դոնոր պետությունը Իտալիայի Հանրապետությունն է:

Հայաստանի արդարադատության նախարարը Մարտա Կարտաբիային Հայաստան այցելելու հրավեր է արել։

Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների Արդարադատության ակադեմիաների միջև համագործակցության խորացմանը նպաստող հուշագրի ստորագրման արարողությունը։

Փաստաթուղթը ստորագրել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Իտալիայի արդարադության ինստիտուտի նախագահ Ջորջիո Լատանցին։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն