Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ուսուցիչներ
A A
Հասարակություն

Ուսուցչի երեխա լինելը

Ուսուցչի օրվա առիթով ներկայացնում ենք բլոգային այս նյութը։

Ուսուցչի երեխա լինելը երբեք բարդ չի եղել, համենայնդեպս ինձ համար։ Միակ բարդությունն այն էր, որ դասարանում փոքրիկ անկարգություններ անելիս առաջինը մորս էին բողոքում՝ պարզապես դպրոցի երկրորդ հարկից առաջին իջնելով։ Եթե թվում է, որ դպրոցում աշխատող ծնող ունենալով բոլոր խնդիրներդ լուծվում են, սխալվում եք։ Ոչ ոք քեզ չի ազատում քիմիայի խնդիրներից, կենսաբանության դասերից ու մաթեմատիկայի տնային աշխատանքներից։

Տատս պատմում է, որ մայրս փոքր տարիքում տիկնիկներն ու խաղալիքները նստեցրել ու սկսել է դաս տալ։

 Ընդամենը 43 տարեկան մայրս  24 տարի է աշխատում է  դպրոցում։ Հաճախ նայում եմ մորս ու զարմանում, թե ինչպես է մարդը կարողանում այսքան տարի անց, այդքան խնդիրների մեջ շարունակել ամեն օր մեծ սիրով աշխատանքի գնալ, սպասել արձակուրդների ավարտվելուն, որ վերադառնա դպրոց։  

Ինձ համար ենթագիտակցորեն առանձնացված է մորս երկու կերպար․ մեկն իմ ու եղբորս հետևից անվերջ վազող, տնային գործերից չհանգստացող, մյուսը բարձրակրունկներով, միշտ գեղեցիկ զգեստներով, շպարված ու հարդարված մազերով։

Մայրս դասվար է ու ընդամենը պատահականությամբ ինչ չի դասավանդել, դրանից էր, երևի,  որ ինձ համար չդարձավ ընկեր Ալավերդյան։ Փոքր տարիքում միջանցքի մի ծայրից մյուսը մա՜մ գոռալն ինձ համար սովորական էր, թեև հետագայում ավելի համեստ էի պահում ինձ։

Ուսուցչի երեխա լինելը չի ենթադրում միշտ սովորել բարձր գնահատականներով․ մայրս պատասխանատու էր միայն տանը դասերս սովորելու համար, իսկ թե ինչ գնահատական կստանայի, երբեք չէր միջամտում, տարիների գործընկերներին ընկերական չէր խնդրում՝ ավելի բարձր գնահատել, որովհետև  թվերի մեջ չի տեսնում ամեն ինչ, ինչը եւ սովորեցրել է ինձ։

Բոլոր դեպքերում՝ ուսուցչի երեխա լինելը, իրականում, հաճելի է, երբ սովորում ես նույն դպրոցում։ Ամեն պահի գիտես, որ մայրդ մի քանի դասարան այն կողմ է, ցանկացած հարցով կարող ես գնալ, խոսել, խնդիրներով դիմել։   Երբ համալսարան էի ընդունվել, սկզբում ամենաանհարմարը մորս բացակայությունն էր այնտեղ։  

Ինձ կհասկանան ուսուցիչ ծնող ունեցողները։

Շնորհավոր տոնդ, ուսուցիչ։

Անի Հարությունյան

«Ա1+» բլոգ