ԵՄ-ն և Հայաստանն ամրապնդում են համագործակցությունը․ ստորագրվել է համաձայնագիր
Աջակցիր «Ա1+»-ինՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության (DG ECHO) ներկայացուցիչների հետ։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և կազմակերպության գլխավոր տնօրեն Մաչեյ Պոպովսկին ստորագրել են Ներքին գործերի նախարարության և Եվրոպական հանձնաժողովի DG ECHO-ի միջև քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող վարչական համաձայնագիր։
Համաձայնագիրը քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլ է՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման կարողությունները և տեղեկատվության փոխանակումը։
«Վարչական պայմանավորվածության ստորագրմամբ՝ հիմք ենք դնում Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հետ համագործակցության հետագա ամրապնդման համար», – ընդգծել է Արմեն Ղազարյանը։
Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն աղետների ռիսկերի կառավարման բոլոր փուլերում՝ կանխարգելումից, պատրաստվածությունից մինչև արձագանք և վերականգնում։
«Առավել դիմակայուն քաղաքացիական պաշտպանության համակարգ կառուցելու գործում Հայաստանին աջակցելու մեր հանձնառությունը շարունակական է, ինչը նպաստում է ոչ միայն Հայաստանի, այլև ավելի լայն իմաստով տարածաշրջանային անվտանգությանը»,- նշել է Մաչեյ Պոպովսկին։
Քննարկվել են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ աղետների ռիսկերի նվազեցման` այդ ոլորտում թվային գործիքակազմերի կիրառման, պատրաստվածության, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման ուղղություններով:
Կողմերն անդրադարձել են նաև ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի (UCPM) շրջանակում համագործակցության հնարավորություններին, փորձի փոխանակման և համատեղ գործողությունների արդյունավետ կազմակերպմանը։
Քննարկվել են վարչական և տեխնիկական համագործակցության խորացման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև աղետների ժամանակ համակարգման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված հարցեր։