ԵՄ-ն Հայաստան է ուղարկում նոր քաղաքացիական առաքելություն՝ նպաստելու երկրի դիմակայունության ամրապնդմանը
Աջակցիր «Ա1+»-ինԵմ արտաքին հարաբերությունների խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը (EUPM Armenia)` Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում:
Այս մասին հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը։
Սա հերթական ներդրումն է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և ճգնաժամերը կառավարելու կարողությունը հզորացնելու ջանքերում։
Առաքելությունը կաջակցի Հայաստանին՝ դիմակայելու բազմաշերտ սպառնալիքներին, ինչպիսիք են՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունը (FIMI), կիբերհարձակումները և անօրինական ֆինանսական հոսքերը:
EUPM-ը ռազմավարական խորհրդատվություն և կարողությունների հզորացում կտրամադրի տարբեր նախարարությունների ու պետական կառույցների՝ հասարակության և ինստիտուտների առջև ծառացած սպառնալիքներին ուղղված քաղաքականությունների մշակման համար։
Բացի այդ, առաքելությունը կտրամադրի օպերատիվ խորհրդատվություն և կունենա ծրագրային բաժին, որը պատասխանատու կլինի համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կոնկրետ գործողությունների նույնականացման և իրականացման համար:
«Հայերը բախվում են զանգվածային ապատեղեկատվական արշավների և կիբերհարձակումների։ Հաջորդ տարիների ընթացքում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը կտրամադրի փորձագիտական խորհրդատվություն, կարողությունների հզորացում կառավարական գերատեսչությունների համար և թիմ, որը կմշտադիտարկի հրատապ գործողությունների ոլորտները: Երբ հունիսին հայերը գնան ընտրատեղամասեր, միայն իրենք պետք է ընտրեն իրենց երկրի ապագան: ԵՄ-ն օգնում է պաշտպանել Հայաստանի դիմակայունությունը»,- ասել է Կայա Կալասը` Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը։
Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը կունենա երկու տարվա նախնական մանդատ, իսկ դրա օպերատիվ կենտրոնակայանը կգտնվի Հայաստանում: