Բացել լրահոսը Փակել լրահոսը
a_patapoutian-h_patapoutian
A A
Հասարակություն

«Ես իրեն միշտ ասում էի՝ Արտե՛մ, այս բոլոր մրցանակները՝ մի կողմ, ես սպասում եմ Նոբելյան մրցանակիդ»․  Ալիքմեդիա

Բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի քույրը՝ Հուրի Փաթափությանը, երեկվանից աշխարհի բոլոր երկրներից բազմաթիվ զանգեր է ստանում: Արտեմի միակ ու սիրելի քրոջը նույնպես շնորհավորում են եղբոր մրցանակի առթիվ:

«Իմ եղբայրը շատ-շատ մրցանակներ է ստացել, դեռ անցյալ շաբաթ Իսպանիայում հեղինակավոր մրցանակ ստացավ: Բայց ես իրեն միշտ ասում էի՝ Արտե՛մ, այս բոլոր մրցանակները՝ մի կողմ, ես սպասում եմ Նոբելյան մրցանակի, դու մի օր Նոբելյան ես ստանալու: Ծիծաղում էր, ասում էր՝ ո՛չ, քույրս, որտեղի՞ց Նոբելյան մրցանակ, այդպիսի բան չի կարող լինել»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում անկեղծացել է Հուրին։

Նոբելյան մրցանակի առաջադրվելու մասին տեղյակ չեն եղել ո՛չ Արտեմը, ո՛չ ընտանիքը: Երեկ կեսգիշերն անց՝ ժամը երկուսին, Նոբելյան կոմիտեից զանգահարել են ԱՄՆ՝ Փաթափությանի ծնողների բնակարան, լուրը հաղորդել: Ծնողները թեեւ լավ տիրապետում են անգլերենին, բայց չեն հասկացել, թե գիշերվա կեսին ինչ են խոսում հեռախոսի մյուս ծայրից: Անջատել են, նորից են զանգել: Երբ Արտեմի անունը լսել են, տվել են նրա տան հեռախոսահամարը: Ծնողները բնակվում են Լոս Անջելեսում, Արտեմը՝ Սան Դիեգո քաղաքում: Լուրը կայծակնային արագությամբ տարածվել է՝ Արտեմ Փաթափությանը ստացել է բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտի այս տարվա մրցանակը:

Արտեմ Փաթափությանի հայրը սփյուռքահայ գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնն է։ Մայրը՝ Հայկուհի Աճեմյանը, Լիբանանում հայկական դպրոցի տնօրեն է եղել, ԱՄՆ փոխադրվելուց հետո հայկական դպրոցում ուսուցչուհի է աշխատել: Մտավորական ընտանիքում մեծացել են ուսմանը նվիրված երեք երեխաներ: Արտեմ Փաթափությանի եղբայրը՝ Արան, նույնպես գիտնական է, համակարգչային գիտությունների դոկտոր:

Ինքը՝ Հուրի Փաթափությանն անգլերեն լեզվի եւ գրականության մասնագետ է, Լիբանանում սիրված ուսուցչուհի է եղել, 25 տարի աշխատել է Եղիշե Մանուկյան ազգային վարժարանում, այժմ տարվա մի մասը Հայաստանում է անցկացնում: Չի բացառում, որ գուցե Արտեմն էլ մտածի Հայաստանի հետ ինչ-որ կերպ կապ պահելու մասին:

«Արտեմը Հայաստանում առաջին անգամ եղել է 12 տարեկանում, դեռեւս խորհրդային տարիներին պատանեկան ճամբարի է մասնակցել: 2016-ին Հայաստանի բժշկական համալսարանից հրավիրեցին, իր այս գյուտը, որի համար Նոբելյան մրցանակ ստացավ, դեռ այն ժամանակ ներկայացրեց Հայաստանում, մենք էլ էինք ներկա, շատ լավ ընդունեցին»,-ասում է քույրը։

 

Մանրամասները՝  «Ալիքմեդիայում»