«Միկայի» երկու թիմերն էլ հաղթեցին
Երեւանի «Միկա» շախմատի տղամարդկանց եւ կանանց թիմերը վստահ սկսեցին ելույթները Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունում:
Մեր շախմատիստները 5,5:0,5 հաշվով առավելության հասան ուկրաինական «ԼուգՊոկերՉես» թիմի նկատմամբ: Հաղթանակներ տարան Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը, իսկ ահա Գաբրիել Սարգսյանը բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: Երկրորդ տուրում «Միկան» կմրցի Իսրայելի «Բեեր Շեւա» թիմի հետ, որն 1-ին տուրում 5:1 հաշվով պարտության է մատնել դանիական «Բրոնսհոյին»:
«Միկայի» կանանց թիմը առաջին խաղում 4:0 հաշվով պարզապես ջախջախեց Իսրայելի «Հերցլային»: Մեր թիմին միավորներ բերեցին Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալիին, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը: Հաջորդ մրցավեճում մեր շախմատիստուհիները կմրցեն Ռուսաստանի «Սանկտ Պետերբուրգ Չես» թիմի հետ, որը առաջին տուրում 3:1 հաշվով հաղթեց իտալական «Ֆիշեր Չիետիին»: