Անգլիայի Պրեմիեր լիգան նոր առաջատար ունի. «Լիվերպուլը» միակ անպարտելին է
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետո փոխվեց առաջատարը:
Առաջին տեղում ընթացող «Լիվերպուլը» սեփական դաշտում չկարողացավ հաղթել «Մանչեսթեր Սիթիին», չնայած խաղի ընթացքում երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ: Գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2: Սակայն, «Լիվերպուլը» շարունակում է մնալ լիգայի միակ անպարտելի թիմը` 4 հաղթանակ, 3` ոչ-ոքի:
Առաջատարի սայթաքումից օգտվեց միայն Լոնդոնի «Չելսին», որն իր հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին», վաստակեց 16 միավոր և բարձրացավ առաջին տեղ: Իսկ ահա նման հնարավորություն ունեցող «Մանչեսթեր Յունայթեդը», «Էվերտոնը» և «Բրիջտոնը» ոչ-ոքի ավարտեցին իրենց խաղերը և այժմ «ՄանՍիթիի» հետ բաժանում են 3-6-րդ տեղերը:
Լոնդոնի «Տոտենհեմը» վերջապես ընդհատեց երեք պարտությունների շարքը` իր հարկի տակ 2:1 հաշվով հաղթելով «Աստոն Վիլային»: Բայց ահա թիմի աստղային հարձակվող Հարի Քեյնը շարունակում է իր առանց գոլ խփելու խաղերի շարքը: Նա մրցակիցների դարպասը չի կարողանում գրավել արդեն 6 հանդիպումներում:
«Լեսթերը» 2003 թվականից հետո առաջին անգամ չկարողացավ հաղթել իր մրցակցին` առաջին խաղակեսից հետո ունենալով երկու գնդակի առավելություն: «Աղվեսներին» հաղթանակից զրկեց «Քրիստալ Փելասը», որը երկրորդ կեսում երկու գոլ խփեց և փրկեց խաղը` 2:2:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ` 8-րդ տուրը կմեկնարկի հոկտեմբերի 16-ին: