Հայ Կաթողիկէ Եկեղեցին Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է հոգևոր կրթութjան օր՝ տատիկների և պապիկների համար
Աջակցիր «Ա1+»-ինԱւագ սերունդը՝ մեր տատիկներն ու պապիկները կարևոր առաքելութիւն ունեն, որ կարող են անել միայն իրենք՝ երիտասարդներին փոխանցել հաւատքը, իրենց յիշողութիւնները, պահպանել հոգևոր և բարոյական արմատները, երազել խաղաղութեան արդարութեան մասին և դրանք դարձնել ուղեցոյց՝ երիտասարդների և ամբողջ հասարակութեան համար: Այսպէս է սովորեցնում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը իր յատուկ ուղերձում, որով այս տարի առաջին անգամ յուլիսի 25-ը հռչակեց որպէս տարեցների տօնելի օր՝ Ընդհանրական Եկեղեցում, և կոչ արեց համայնքներում առաւել հոգատար լինել տարեցների հանդէպ: Առաջնորդուելով Քահանայապետի կոչով և նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի հայրական հովանաւորութեամբ՝ այս տարի առաջին անգամ Հայաստանում Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդարանը կազմակերպեց մէկօրեայ հոգևոր կրթութիւն՝ տարեցների համար: Հոկտեմբերի 2-ին «Կարդինալ Աղաջանյան» կենտրոնում հաւաքուեցին մօտ 150 տարեցներ՝ տարբեր կաթողիկէ համայնքներից, «Հայկական Կարիտասի» ցերեկային խնամքի կենտրոնից և Անարատ Յղութեան միաբանութեան հայ քոյրերի տարեցների խնամքի կենտրոնից: Հոգևոր կրթութիւնը սկսուեց Սուրբ Պատարագով, որի ընթացքում կենտրոնի պատասխանատու Տ. Գրիգոր Աւագ Քահանայ Մկրտչեանը ողջունեց տատիկներին և պապիկներին և ասաց հետևեալը.
«Սա առաջին անգամն է, որ մենք հիմա հաւաքուած մեր բոլոր համայնքներից, ինչպէս որ երիտասարդական օրերն ենք արել, ձեզ հետ էլ պէտք է շարունակենք աշխատել: Շատ ուրախ եմ, որ սա ձեզ համար մի հնարաւորութիւն է, որ շփուէք այլ համայնքների հետ ևս, փոխանակէք ձեր փորձը և կստեղծուի մի գեղեցիկ հոգևոր բարեկամութիւն»:
Ծիսական օրը նուիրուած էր Տիրոջ եօթանասուներկու աշակերտների յիշատակութեանը: Տ. Գրիգորը խօսեց Աւետարանը քարոզելու համընդհանուր առաքելութեան մասին, որ իւրաքանչիւր քրիստոնեայինն է, նաև՝ տարեցներինը՝ անկախ տարիքից.
«Երբեմն թւում է, թէ միայն քահանաներն ու վարդապետները, կամ մայրապետները պէտք է քարոզեն Աւետարանը, բայց սա սխալ տեսութիւն է, մենք կարող ենք քարոզել, ուղղորդել, բայց ձեզանից իւրաքանչիւրը՝ որպէս մի միսիոներ, պարտականութիւն ունէք տարածելու Աստծոյ Խօսքը»:
Այս մասին խօսել է նաև Քահանայապետն իր ուղերձում, որի բովանդակութիւնը ամփոփ ներկայացրեց Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը՝ Սուրբ Պատարագից յետոյ: Քահանայապետն իր ուղերձում հաւաստիացնում է տարեցներին Եկեղեցու մերձաւորութեան, սիրոյ և հոգատարութեան մէջ՝ նրանց հասցէագրելով Յիսուսի խոստումը համբարձուելիս. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում» (Մտթ. 28, 20).
«Սիրելի՛ տատիկներ և պապիկներ, ծերութիւնը հինաւանդութիւն չէ, այլ՝ առանձնաշնորհեալ ժամանակ և տարեցը դերակատար է, ոչ թէ անտեսուելու սահմանուած մի անձ, այսօր դուք ապրում եք ծերութեան եղանակը, որ հիւանդութիւն չէ այլ մի առանձնաշնորհում՝ նմանուելու Յիսուս Քրիստոսին և խաչ կրելու ամէն օր»:
Հայր Գառնիկը, որպէս քաջալերանք և յարգանքի արտայայտութիւն առաջարկեց ծափահարել բոլոր տարեցներին՝ ինչպէս արել էր Ն. Ս. Ֆրանցիսկոսը յուլիսի 25-ին Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում: Ամբողջ դահլիճը ծափահարեց:
Միւս հոգևորականներն առաջարկեցին խորհրդածել մի քանի հարցի շուրջ: Սրբազան Քահանայապետն իր նամակում ասում է՝ Աստուած մեզ հետ է, իսկ մենք Աստծոյ հետ ե՞նք, հարցադրում արեց Հ. Եղիա Վրդ. Դերձակեանը.
«Աստուած մեզ հետ է, ինչպէ՞ս. Մկրտութեամբ, որով որդեգրեց մեզ, մենք դարձանք Աստծոյ զաւակներ, բայց մեր զաւակներից և թոռներից քանիսը կան, որ զրկուած են Աստծոյ հետ մտերմութիւնից, Աստուած ինչպԷ՞ս մեզ հետ է. դրոշմով, որով մեզ տալիս է իր Սուրբ Հոգու շնորհները, բայց մենք չենք օգտւում, որովհետև մենք դրոշմուած չենք»:
Ի՞նչ կարող են մեր տատիկներ ու պապիկներն իրենց առաջացած տարիքում անել հասարակութեան և Եկեղեցու համար, հարցրեցի ես.
«Դուք բոլորդ ունէք դժուարութիւններ յաղթահարելու մեծ փորձ, ցաւը տանելու փորձառութիւն, ունէք դժուարութիւնները հնարաւորութիւն դարձնելու փորձառութիւն, այսօր առաւել քան երբևէ մեր հասարակութիւնը կարիք ունի այդպիսի ուսուցիչների՝ յանձինս ձեր, որպէսզի սովորեցնեն մեզ, թէ ինչպէս կարելի է ցաւը յաղթահարել ու շարունակել ապրել: Այսօր երբ դուք մեզ հետ էք, համայնքներում ակտիւ էք, եկեղեցի էք գալիս, նշանակում է, որ, ինչպէս Պօղոս առաքեալն է ասում, «արդեն իսկ մի բարի ճակատամարտ էք յաղթել և պահել էք աւանդը, հաւատքը» և հիմա ժամանակն է, որ դա կիսէք ուրիշների հետ»:
Տ. Նարեկ Քհն. Թադևոսեանը կոչ արեց հաւատքը գործի վերածել, որպէսզի լսածը պտուղներ տա իրական կեանքում, այլապէս կնմանուենք սերմնացանի առակի այն վայրերին, որտեղ սերմերը խեղդւում են փշերի մէջ.
«Երբ մենք վերադառնանք տուն, որքան էլ մենք այստեղ գեղեցիկ բանախօսենք, ուզենանք, որ ձեզ աւելի Քրիստոսին մօտեցնենք, եթէ վերադառնաք տուն ու այս բոլորը մոռանաք, եղաւ, որ ամէն ինչ անիմաստ է: Պէտք է սովորէք ինքներդ ձեզ նեղութիւն տալ: Քրիստոս չէ՞ որ իր կեանքը տուեց մեզ համար: Հիմա մենք մեզ հարց տանք՝ միթէ՞ այդ թափուած արեանը չպէտք է լինենք երախտապարտ»:
Տէր Նարեկը յոյս յայտնեց, որ այսուհետ ամէն տարի կկազմակերպուի այսպիսի մի գեղեցիկ օր՝ տարեցների համար և կդառնայ աւանդոյթ: Տ. Միքայէլ Քհն. Դոմբուրեանը հրաւիրեց խորհրդածել կեանքի նպատակի մասին, որ սահմանել է Աստուած՝ մարդ արարածի համար.
«Մամիկնե՛ր, պապիկներդ, զաւակներ էք մեծացրել, դժուարութիւններով, տառապանքով, արթուն եք մնացել մինչև առաւօտ, հաց էք վաստակել և պատրաստել ձեր զաւակների համար: Սա մեր մարմնաւոր պարտականութիւնն է միայն, սակայն, իւրաքանչիւրս հարց տանք, թէ որն է Աստծոյ նպատակը մեզ համար, դրա համա՞ր է միայն մեզ ստեղծել Տէրը: Աստուած մեզ ստեղծել է աւելի մեծ նպատակի համար՝ յաւիտենական կեանքի համար»:
Հոգևոր կրթութեանը ներկայ էր նաև Հայկական Կարիտասի տարեցներին ուղղուած ծրագրային ռազմավարութեան համակարգող, Ֆլորա Սարգսեանը, ով խօսեց՝ յոյսի և պարտականութեան մասին՝ որպէս առաջացած տարիքում գտնուող փորձառու մասնագէտ և ընտանիքի մայր.
«Իւրաքանչիւր անձ՝ լինի տարեց, թէ երիտասարդ, ունի անելիք և երբեք չպէտք է ասի՝ վերջացրեցի: Համոզուած եմ, որ իւրաքանչիւրդ ձեր տանը ունէք ձեր պարտականութիւնները, որոնք ուրիշներին չէք թողնի և պէտք է սրբօրեն կատարենք այդ պարտականութիւնը»:
Նա կոչ արեց միշտ աշխատել և սատար կանգնել երիտասարդներին և հասարակութեանը:
Քոյր Նարինէն Անարատ Յղութեան միաբան քոյրերի անունից շնորհակալութիւն յայտնեց այս հանդիպման կազմակերպիչներին.
«Մի գեղեցիկ նուէր է սա համայնքի կողմից, մտածում էի՝ երևի մի օր էլ մեզ մօտ պէտք է կազմակերպուի և ոչ միայն գեղեցիկ օր անցկացնենք, այլեւ աղօթենք, որովհետև ձեր աղօթքների կարիքը շատ ունի մեր հայրենիքը»:
Մասնակիցները հոգևորականների հետ միասին Վարդարան աղօթեցին՝ խաղաղութիւն հայցելով հայրենիքի համար, ապա իրենց սրտի խօսքերն ուղղեցին ներկաներին և հոգևոր հովիւներին:
Մէկօրեայ հոգևոր կրթութիւնն աւարտուեց փոքրիկ համերգային ծրագրով, որ այնքա՜ն զուարթացրեց տատիկների ու պապիկների սրտերը՝ լի անսպառ լաւատեսութեամբ և յոյսով՝ ի Տէրն մեր Յիսուս Քրիստոս:
Տ. Յովսեփ Քհն. Գալստեան