«Այդ քիչ է հայերի հետ խաղում»
Ֆուտբոլի Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ, իտալացի Ջիովանի Տրապատոնին, մեկնաբանելով 2012 թ Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ խմբի աղյուսակի ներկայիս իրավիճակը, հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականը, իրոք, խմբի ֆավորիտն է, սակայն միայն 12 ամիս հետո պարզ կդառնա, թե որ թիմը կզբաղեցնի առաջին տեղը:
«Մենք բոլոր խաղերում էլ ձգտում ենք հաղթանակի: Նույն խնդիրը կհետապնդենք նաեւ Մոսկվայում: Սակայն Ռուսաստանի հավաքականը կարող է միավորներ կորցնել արդեն Հայաստանի թիմի հետ խաղում», - իռլանդական թերթերին տված հարցազրույցի ժամանակ ասել է Տրապատոնին:
Հիշելով իր թիմի մեկ ամիս առաջվա երեւանյան մրցելույթը` նա նշել է, որ հաշվի մեջ առաջ անցնելուց հետո ինքն անընդհատ մտածել է, թե երբ է խաղն ավարտվելու: «Խաղի վերջում հայերը շատ արագ եւ վտանգավոր էին գրոհում: Ճիշտ է, Ռուսաստանի հավաքականը շատ փորձառու է, իր կազմում ունի բարձրակարգ խաղացողներ, բայց դա քիչ է հայերի հետ խաղում»: (Խաղն ավարտվել է 1:0` հօգուտ իռլանդացիների)
Նշենք, որ Հայաստանի հավաքականը Եվրո-2012-ի հաջորդ երկու հանդիպումներում հանդիպելու է հենց Ռուսաստանի ընտրանու հետ: Առաջին խաղը տեղի է ունենալու 2011 թ մարտի 26-ին, Երեւանում, իսկ պատասխան հանդիպումը` հունիսի 4-ին: