Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դավիթ Տոնոյանը կալանավորվեց 2 ամսով․ նա իրեն մեղավոր չի ճանաչել (տեսանյութ)

Դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը. Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը  երկու  ամսով կկալանավորվի։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ կայացած նիստից հետո նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ Դավիթ  Տոնոյանը իրեն մեղավոր չի ճանաչել. առաջադրված մեղադրանքի կապակցությամբ հայտարարություն է արել,  տվել համապատասխան բացատրություններ:

Փաստաբանը նշեց, որ քրեական գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք արդեն իսկ հերքում են առաջադրված մեղադրանքը, որի բովանդակությունը չի կարող ներկայացնել,  քանի որ պետական գաղտնիք է։

Սերգեյ Հովհաննիսյանը նշեց միայն, որ  այն առնչվում է նույն քրեական գործին,  որը ներկայացրել է ԱԱԾ-ն։

Լրագրողի հարցին, թե արդյոք քաղաքական միտում  տեսնում է,  պաշտպանը պատասխանեց՝  եկեք այս պահին գնահատականներ չտանք։

Ըստ պաշտպանի` պայքարը կշարունակեն վերաքննիչ քրեական դատարանում, և համապատասխան բողոք կներկայացվի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ –ն հայտնել էր, որ  Դավիթ Տոնոյանը եւ  զենքի մատակարար Դավիթ Գալստյանը ձերբակալվել են  «ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի» շրջանակներում։

Դատարանը շարունակում է քննել Դավիթ Գալստյանի կալանավորման միջնորդությունը: