Հայտնի են Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցները Ազգերի Լիգայում
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 16-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի- 2022/23թթ մրցաշրջանի վիճակահանությունը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Ազգերի Լիգայի նախորդ խաղարկության C լիգայի իր խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը, Հայաստանի հավաքականն այս անգամ հանդես կգա B լիգայում։
Մեր ընտրանին ընդգրկված է այդ լիգայի չորրորդ զամբյուղում: Մեր թիմի հավանական մրցակիցներն են Ուկրաինան, Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան (1-ին զամբյուղից), Ֆինլանդիան, Նորվեգիան, Շոտլանդիան, Ռուսաստանը (2-րդ զամբյուղ) և Իսրայելը, Ռումինիան, Սերբիան, Իռլանդիան (3-րդ զամբյուղ)։
Ազգերի լիգայի առաջին 4 հանդիպումներ կկայանան 2022 թվականի հունիսին, իսկ մնացած երկուսը՝ սեպտեմբերին։
Խմբում հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականն ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգա A լիգայում, իսկ վերջին հորիզոնականը զբաղեցնելու դեպքում մեր ընտրանին կրկին կնահանջի C լիգա։