Հայաստանում բացվեց մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում բացվեց մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան։ Այն կգործի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Այստեղ կտեղափոխվեն կյանքը սահմանափակող հիվանդություններով երեխաներին։
Բաժանմունքը թեև հիվանդանոցին կից է, բայց նպատակն է անել այնպես, որ այն երեխաներին չհիշեցնի հիվանդանոց, այլ դառնա նրանց համար հարմարավետ և ջերմ միջավայր։ Հիվանդանոցում էլ հաճախ թույլ չեն տալիս, որ հարազատներն այցելեն երեխաներին, այստեղ կարող են գալ բոլոր մտերիմներն ու բարեկամները։
«Կտեսնեք, թե ինչ մանրակրկիտ աշխատանք է, ինչպիսի հոգածությամբ, ինչպիսի հոգի ու սիրտ է դրված այս բաժանմունքի ստեղծման մեջ և ես վստահ եմ, որ մեր բալիկներն այստեղ մի պահ կտրվելու են իրենց հիվանդությունից, իրենց ցավից, շարունակելու են անգամ այդ վիճակում բալիկ լինել եւ սեր ու հոգատարություն զգալ», - ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Յոլյանի անվան արյունաբանական Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը նշեց, որ տասնամյակներ շարունակ այս խնդիրը ծառացած էր․ քանի որ երբ բժշկությունն արդեն անզոր էր օգնել երեխաներին, նրանք մնում էին կամ բաժանմունքում՝ մնացած 30 հիվանդների հետ, կամ գնում էին տուն, որտեղ ընտանիքն էր ու այդ պայմաններում կյանքի վերջին փուլն անցնելը դժվար էր։
Բաժանմունքի ստեղծումը նաև իրականություն է դարձել բազմաթիվ անհատ բարերարների և կազմակերպությունների աջակցության շնորհիվ։
«Մեր գնահատանքը բոլոր բարերարներին, նվիրատուներին, որոնք ոչ թե օգնության մտքով են այս նվիրատվությունը կատարել, այլեւ ներդրումի եւ մասնակցության», - ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը։
Բաժանմունքում մեծ խաղասրահ կա՝ գրքերով, տարատեսակ խաղալիքներով և խաղերով, խոհանոց, հատուկ բաժին բժիշկների համար և ամեն ինչով հագեցած 5 հիվանդասենյակ, որտեղ շուտով երկու երեխա կտեղափոխվի։ Սամվել Դանիելյանը հույս հայտնեց, որ այդ հիվանդասենյակները միշտ դատարկ կմնան։