Բացել լրահոսը Փակել լրահոսը
korona-qaxaq-dimak
A A
Հասարակություն

Վրաստանը վերանայում է պատվաստման ռազմավարությունը

Վրաստանում  պատվաստման ռազմավարությունը պետք է վերանայվի, գտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:

Ըստ նրա` մինչ այժմ բնակչությունն էր ակտիվություն ցուցաբերում ու պատվաստման կենտրոններ հասնում, այսուհետ պետք է պատվաստանյութը հասնի բնակչին` տեղում, պետք է ակտիվացնել առաջնային առողջապահությունը։ Գրում է Aliq.ge-ն։

Արդեն տևական ժամանակ է` առողջության ոլորտի մասնագետներն ասում են, որ պատվաստումը պետք է հասանելի դառնա փոքր համայնքներում ևս։

Վրաստանում  պատվաստումների մակարդակը  կրկնակի նվազել է։ Եթե ​​սեպտեմբերի սկզբին օրական 20 հազար պատվաստում էր արվում, այս պահին հազիվ է հասնում  13 հազարի։

Համեմատաբար լավ է իրավիճակը Թբիլիսիում, որտեղ պատվաստվել է չափահաս  բնակչության 40% -ը, Աջարիայում՝ 30% -ը:

Երկրի գլխավոր համաճարակաբանը կրկին խոսել է հատկապես տարեց բնակչության պատվաստման կարևորության մասին` ասելով, որ դրանից  կախված կլինի 5֊րդ բռնկման ծանրությունը։

Օրեր առաջ պատրաստվելու կոչ էր արել նաև Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն` մտահոգություն հայտնելով այն մասին, որ երբեմնի ամենաշատ պահանջարկ ունեցող Ֆայզերի պիտանելիության ժամկետը կարող է լրանալ։ Մինչև նոյեմբեր պետք է իրացնել երկրի ձեռք բերած չափաբաժինը։

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվեցին մարտի 15 -ին, զանգվածային պատվաստումը`  հուլիսի 5 -ին:

Սեպտեմբերի 26 -ի դրությամբ Վրաստանում պատվաստման ամբողջական կուրս ընդունել է 772,240 մարդ, ինչը կազմում է չափահաս բնակչության 27% -ը: