Բացել լրահոսը Փակել լրահոսը
16323748791247
A A
Քաղաքականություն

Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարները հանդիպել են

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցությունը։ Փոխգործակցության հետագա խորացման տեսանկյունից կարևորվել է Հայաստանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը։

Տնտեսական համագործակցության ակտիվացման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-սերբական միջկառավարական հանձանժողովի ստեղծման կարևորությունը։ Քննարկվել է նաև ԵԱՏՄ-Սերբիա համագործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրատապությունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ընդգծվել է խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։