Թաքնվել էր ավտոբուսի բեռնախցիկում
ՈՒԵՖԱ-ն անհամբերությամբ սպասում է իր ներկայացուցիչների հաշվետվությանը` կապված Եվրոպայի 2012 թ առաջնության Իտալիա - Սերբիա հանդիպմանը տեղի ունեցած միջադեպի հետ:
Նշենք, որ այդ խաղը նախ հետաձգվել է 35 րոպեով, ապա մեկնարկելուց վեց րոպե անց ընդհատվել, քանի որ սերբ երկրպագուները անկարգություններ են հրահրել տրիբունաներում` տարբեր առարկաներ նետելով խաղադաշտ: Խաղն այդպես էլ անավարտ է մնացել: Սերբիայի հավաքականի ճակատագիրը կախված է հանդիպման գլխավոր մրցավար, շոտլանդավի Կրեյգ Թոմսոնի եւ վրացի տեսուչ Դավիդ Պետրիաշվիլիի հաշվետվություններից:
Իտալական լրատվամիջոցների կարծիքով` ՈՒԵՖԱ-ն Իտալիայի ընտրանուն տեխնիկական հաղթանակ կշնորհի, իսկ Սերբիայի հավաքականը իր հարկի տակ նշանակված հաջորդ երեք խաղերը կանցկացնի առանց հանդիսականների:
Անպատիժ չի մնա նաեւ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, քանի որ չի կարողացել ապահովել հանդիպման անվտանգությունը: Իտալացիներին առաջին հերթին զարմացրել է այն, թե ինչպես են սերբ ֆուտբոլասերները իրենց հետ մարզադաշտ անցկացրել մեծ քանակությամբ ճայթրույքներ, բենգալյան կրակներ, երկաթյա իրեր եւ այլ առարկաներ:
Սերբիայի ՖՖ նախագահ Տոմիսլավ Կարաջիչը միջադեպի կապակցությամբ ասել է, որ դա եղել է նախապես պլանավորված ակցիա, քանի որ սերբ երկրպագուները խաղի ժամանակ ցուցադրաբար այրել են անկախ Կոսովոյի դրոշը:
Հավելենք, որ Իտալիա - Սերբիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը ՈՒԵՖԱ-ն կքննարկի հոկտեմբերի 28-ին` կարգապահական կոմիտեի նիստում:
Ի դեպ, Իտալիայի ոստիկանությունը այսօր ձերբակալել է անկարգությունները հրահրած սերբ ֆուտբոլասերին, որը ցանկացել էր գաղտնի անցնել սահմանը` թաքնվելով ավտոբուսի բեռնախցիկում: