Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քոչարյանին զգուշացրեք՝ կոռեկտ և լուրջ լինեն․ ինձ համար պատվաբեր չի Քոչարյանի տեղակալ լինելը (տեսանյութ)

Հայաստանի սահմաններին տիրող լուրջ իրավիճակի պայմաններում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և իշխանական անդամների վարքագիծը արդեն տեսաք։ Այս մասին ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը, որ այսօր արդեն չորրորդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

Նրա խոսքով՝ հանձնաժողովն այս պահին ցուցաբերում է բացարձակ անգործունակություն և կոմպետենտ չէ զբաղվել Հայաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով։

«Ինձ համար առանձնապես պատվաբեր չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը, ինձ համար առանձնապես մեծ հաճույք չէ, բայց սա ընդդիմության գործառույթ է, որ դրված է իմ վրա։ «Հայաստան» խմբակցությունը որոշել է առաջադրել իմ թեկնածությունը», - ասաց Արթուր Ղազինյանը։

Ղազինյանը նշեց, որ սա անգամ պաշտոն չէ, այլ կարգավիճակ է և ոչ մի լիազորություն չունի, իսկ իշխանության թեթև ձեռքով այն այսքան մեծ հնչեղություն ունեցավ, մինչդեռ իշխանությունը կարող էր հարգել ընդդիմության որոշումը և պատասխանատվություն ստանձնել հանձնաժողովի բնականոն աշխատանքը երաշխավորելու համար։

«Հանձնաժողովն արդեն մեկ ամիս է ձևավորված է, ունեցել է չորս արտահերթ նիստ, այդ նիստերում բացի մեկ հարցից որևէ այլ օրակարգ չի բերվել։ Դուք դա գնահատում եք հանձնաժողովի որակյալ աշխատա՞նք», - ասաց նա։

Արդյո՞ք Ղազինյանը չի պատրաստվում հանել իր թեկնածությունը, որ, ամեն դեպքում, հանձնաժողովն արագ տեղակալ ընտրի և շարունակի բնականոն աշխատանքը, նա պատասխանեց, որ ինքը լիազորված չէ խոսել խմբակցության անունից։