Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ժամանակն է, որ վերադարձնենք մեր «պարտքը» Վիկտոր Համբարձումյանին, Օրբելուն․ նախագահ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով աստղադիտարանի աշխատակազմին և գիտական հանրույթի ներկայացուցիչներին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Բյուրականի աստղադիտարանը զուտ աստղադիտարան չէ, այն եղել է մեր գիտության հիմնական լոկոմոտիվներից մեկը. «Բյուրականի աստղադիտարանը համաշխարհային կենտրոն էր, համաշխարհային արժեք: Ինձ բախտ է վիճակվել ոչ միայն մաս կազմել այդ դպրոցին, այլև միջազգային գիտական հանրության շրջանակում հանդիպել այն բարձր գնահատականին, որ տրվում էր Բյուրականի աստղադիտարանին»: Նախագահը նշել է, այսօրվա աստղագիտությունը նույնը չէ, ինչ տարիներ առաջ:

«75 փառապանծ տարիներից հետո այսօր պետք է լրջորեն մտածենք, թե հաջորդ տարիներն ինչպիսին են լինելու: Մեր գիտությունը լոկոմոտիվների կարիք ունի, որոնք պետք է առանցքային, ժամանակակից գիտության ուղղություններից լինեն,-ասել է նախագահը:

-Դրանք կարող են լինել և՛ արհեստական բանականությունը, և՛ ժամանակակից մաթեմատիկան, և՛ կենսատեխնոլոգիաները: Դրանք կարող են լինել գիտության այն ուղղությունները, որոնք կապված են բնապահպանության, կլիմայի փոփոխության հետ, որովհետև աշխարհն այսօր հսկայական ներդրումներ է անում այդ ուղղություններում»: Նախագահը կարևոր է համարել գիտության ու իրական արդյունաբերության միջև կապը. «Պետք է կարողանաք Հայաստան բերել ժամանակակից նվաճումները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Գիտությունների ակադեմիան և Բյուրականի աստղադիտարանը ստեղծվեցին այն պահից, երբ երկու մեծ ակադեմիկոսներ՝ Օրբելին և Վիկտոր Համբարձումյանը, անցնելով հսկայական դպրոց աշխարհի լավագույն կենտրոններից մեկում, վերադարձան Հայաստան:

Եկեք չմոռանանք, որ մեր գիտական կենտրոններից շատերի ղեկավարներն իրենց կրթությունը և գիտական աստիճանները ստացել են դրսում: Մենք պետք է չկորցնենք տարիների ընթացքում վաստակած կապն աշխարհի հետ: Այսօրվա կապն աշխարհի հետ տարբեր է: Սա աշխարհ է, որտեղ գիտությանը, մեծ արդյունաբերությանը, մեծ տնտեսությանը զուգահեռ զարգանում են նորը, արագը՝ շատ հաճախ գիտական ստարտափների ձևով: Հայաստանը, գիտությունը, Գիտությունների ակադեմիան և Բյուրականի աստղադիտարանը պետք է մնան երիտասարդ, լինեն ժամանակակից, որովհետև դա է միակ զարգացման ճանապարհը»:

Խոսելով ընդհանրապես հայկական գիտության զարգացման մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայկական գիտությունն ընդգրկում է նաև հայկական համաշխարհային գիտությունը:

Նա մասնավորապես հիշեցրել է, որ COVID 19 համավարակի պատվաստանյութերից մեկը ստեղծվել է մեր հայրենակից Նուբար Աֆեյանի Moderna ընկերության կողմից: «Մենք ունենք հսկայական առավելություն, որը չենք օգտագործում,- ասել է նախագահ Սարգսյանը:

-Մեծ հույս ունեմ, որ բոլորիս ջանքերով այս 75 տարվա փառահեղ պատմությունն ապագայում կենդանի և երիտասարդ կյանք է ունենալու: Ուզում եմ մաղթել, որ մեր գիտությունը նորից լինի համաշխարհային բարձրության վրա: 1970-ականներից մինչև այսօր մենք կարողանում ենք ապրել նաև մեր մեծանուն գիտնականների՝ Վիկտոր Համբարձումյանի, Օրբելու հեղինակություն ու վարկի շնորհիվ: Ժամանակն է, որ վերադարձնենք մեր «պարտքը»: