Բացել լրահոսը Փակել լրահոսը
big_1497686777_4206683 (1)
A A
Մշակույթ

Երերույքի տաճարում կմեկնարկեն Եվրոպական ժառանգության օրերը

Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 25-26-ին՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով Եվրոպական ժառանգության օրերը յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: 

Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:

Այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով:

Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Երերույքի տաճարում, որի ընթացքում կհնչի դասական երաժշտություն՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի։ Հայաստանում և Արցախում այս երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ. դասական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, պեղումներ և այլն: