Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 17-ը սեպտեմբերի․ 52 կուսակցություն հավաքվել է Մարզահամերգային համալիրում, պարզելու․․․ (տեսանյութ)

1997-ի սեպտեմբերի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական Դավիթ Շահնազարյանն ասում է, որ ինքն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը շուտով պապիկ են դառնալու։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, սակայն, նա քննադատում է խնամու արտաքին եւ ներքին քաղաքականությունը, մի բան պետք է անել:

1999-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանը կտրում է հերթական ժապավենը՝ բացվում է «Անի» պլազան: Հյուրանոցի սեփականատերը սփյուռքահայ է։ Մի կին Քոչարյանին է հանձնում հյուրանոցի նախագահական համարի ոսկե բանալին։ Նույն օրը գրեթե տեղի է ունենում Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի երկրորդ դատավարությունը։ Սկսելուց հետո այն հետաձգվում է 40 օրով։ Նոր փաստաբանին է սա պետք։ Սիրադեղյանի դեմ ցուցմունք տված Վահան Հարությունյանը դատարանին միջնորդում է փոխել մյուս ամբաստանյալների խափանման միջոցը, քանի որ սպանելիս նրանք իր հրամանն են կատարել։ Կալանքի տակ պետք է մնան ինքը ու եւս երկու հոգի։ Դատարանի կարգ ու կանոնի պատասխանատուն, ի դեպ, Վալերի Օսիպյանն է։ Համաշխարհային բանկը ավելի քան 11 միլիոն դոլար է տալիս Հայաստանին դատաիրավական բարեփոխումներ անցկացնելու համար։

Եվս 800 հազար գործին կներդնի Հայաստանը։ Այս գումարով պետք է վերանորոգվի դատարանի 20 շենք, կկառուցվի Գյումրիի դատարանը: Հայկական բանակը հոգեւորականներով համալրելու որոշում է կայացվում 2000-ի սեպտեմբերի 17-ին: Արարողությունը տեղի է ունենում Մայր Աթոռում, Նավասարդ եպիսկոպոս Կճոյան եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ստորագրությամբ: Վերջինս չի համբուրում այն ձեռքը, որը երաշխավորում է բանակի բարոյահոգեբանական խնդիրների կարգավորումը:

2000 թվականի աշունից խաղողագործները դժգոհելու բան չունեն՝ բերքն առատ է: Հարցը մթերելն է՝ ով ավելի բարձր գին կտա: Նախընտրելին Երեւանի Կոնյակի գործարանն է, որը մեկ կիլոգրամի համար առաջարկում է 90 դրամ; Այս գործարանն էլ հակառակի պես մթերելու մտադրություն չունի՝ ո՞վ է մեղավոր: 2000 թվականի սեպտեմբերի 17-ին Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին պատկանող «Մետրոպոլ» հյուրանոցի բացմանը: Սենյակներում զբոսնելուց հետո նախագահի մոտ հարց առաջացավ՝ ինչո՞վ է զբաղված նախարարը: Իսկ ընդհանուր առմամբ վատ բան չի արել:

2000-ի սեպտեմբերի 27-ին Երեւանում գումարվելու է «Արմենթելի» տնօրենների խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկման թեման լինելու է րոպեավճարը: Սեպտեմբերի17-ին Սադոյանը հետաձգում է իր օրինագծի քննարկումը, որով պիտի ամրագրվի, որ մինչեւ տեխնիկական միջոցների նորացումը րոպեավճար չի կիրառվելու: Նախարարն ասում է՝ առանց դրա էլ չի կիրառվի։

2002 թվականի այս օրը նախագահ Քոչարյանը զավեշտալի է համարում նախագահի ընտրություններին 15 թեկնածուի առաջադրման միտքը։ Նա ընդդիմությանն առաջարկում է 2003-ի ընտրություններին հանդես գալ միասնական թեկնածուով, եւ հարցը փակել մեկ փուլով:

2003-ի այս օրը ԱԱԾ-ն հայտարարում է, որ կանխել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ մահափորձը: Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվական վարչության պետ Գուրգեն Ամբարյանը հաստատում է, որ մահափորձի կազմակերպիչը սեպտեմբերի 15-ին գլխավոր դատախազության քննչական վարույթում հարուցված քրեական գործով ձերբակալված ազգային անվտանգության նախկին սպա Լեւոն Աբրահամյանն է:

2004-ի այս օրը բանտից ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Բաբայանը, ի թիվս շուրջ երեք տասնյակ այլ դատապարտյալների, ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով:

52 կուսակցություն 2009-ի այս օրը հավաքվել է Մարզահամերգային համալիրում լսելու, թե ինչ է մտածում հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման մասին: Քաղաքական ուժերի զգացումները հակասական են։ Նույն օրը խորհրդարանի առջեւ են հավաքվել մարտի 1-ի զոհերի հարազատները: Նրանք եկել են բողոքելու Նիկոյանի հանձնաժողովից, որը սպանությունների բացահայտման մասով ասելու ոչինչ չունի։

2010-ի սեպտեմբերի 17-ին երկամսյա ընդմիջումից հետո հանրահավաք է հրավիրում Հայ Ազգային Կոնգրեսը: Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ առաքելություն է վերապահում իշխանությունը զավթելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանին։