Բացել լրահոսը Փակել լրահոսը
հղի
A A
Պաշտոնական

Երեւանում քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմիաթերապիայից հետո

36-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել հղիության 7 շաբաթական ժամանակաշրջանում: Նրան ընդունել էր ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը:

ԲԿ-ից հայտնում են, որ կինը նշել էր, որ երեք տարի առաջ վիրահատվել է կրծքագեղձի ուռուցքի պատճառով՝ կատարվել է աջ կրծքագեղձի հեռացում՝ իմպլանտի տեղադրմամբ, առանց հետագա բուժման: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Նորայր Ղուկասյանը հղիին ցուցել է լաբորատոր-գործիքային մանրամասն հետազոտությունների: Լաբորատոր, սոնոգրաֆիկ, այնուհետև ՄՌՏ հետազոտությունների արդյուքները մտագոհիչ էին, հիվանդությունը կրկին գլուխ էր բարձրացրել: Ախտորոշվել է աջ կրծքագեղձի CR ռեցիդիվ, մաշկի մետաստազ:

Ինչպես քաղցկեղի կասկածի յուրաքանչյուր դեպքում, այս անգամ ևս, հրավիրվել է մասնագետների կոնսիլիում՝ Tumor Board «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանի գլխավորությամբ: Հիվանդի առողջական տվյալների մանրամասն ուսումնասիրությունից հետո որոշվել է պահպանել հղիությունը՝ միաժամանակ սկսելով այնպիսի բուժում, որը պտղին չի վնասի:

Բուժման եղանակը որոշելու նպատակով կատարվել է կրկնակի բիոպսիա: Հյուսվածքաբանական հետազոտության արդյուքները հաստատել են կրծքագեղձի ինվազիվ կարցիոնոմա (HER2neu positive pype) ախտորոշումը:

Հայկուհի Գյոկչյանի ընտրած բուժման մարտավարության հիման վրա հղին ստացել է 4 կուրս ինդուկցիոն քիմիաթերապիա: Ամբողջ ընթացքում կինը գտնվել է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանների և մանկաբարձ-գինեկոլոգների հսկողության տակ: Հղիի նախածննդյան հսկողությունն իրականացրել է մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը՝ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանի անմիջական ղեկավարությամբ: Հղիությունը հասցվել է մինչև 32 շաբաթական և կատարվել է կեսարյան հատում: Ծնվել է անհաս, առողջ տղա երեխա: