Բացել լրահոսը Փակել լրահոսը
242238130_2844172425831435_8793744527224196541_n
A A
Պաշտոնական

Այսօր Օզոնի շերտի պաշտպանության միջազգային օրն է

Սեպտեմբերի 16-ը Օզոնի շերտի պաշտպանության միջազգային օրն է, այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ 

1994թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հայտարարեց սեպտեմբերի 16-ը Օզոնային շերտի պահպանության միջազգային օր:

Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պաշտպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար

Այս օրն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման: Այս փաստաթղթերի կենսագործման արդյունքում է հնարավոր դարձել օզոնաքայքայիչ նյութերի համաշխարհային գործածության կրճատումը 99%-ով: Եվ արդեն գործուն քայլեր են իրականացվում, որոնք ուղղված են հիդրոֆտորածխածինների կրճատմանը՝ համաձայն Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխության: Այն արդեն գործող իրավական փաստաթուղթ է՝ սկսած 2019 թվականի հունվարից, որը Հայաստանը վավերացրել է 2019 թվականի մարտին, թեև Հայաստանը իր մասնակցությունն է բերում միջազգային հանրության կողմից գործադրված ջանքերին՝ 1999 թվականից բարեխղճորեն իրականացնելով միջազգայնորեն ստանձնած և ոլորտին առնչվող բոլոր պարտավորությունները:
Պարտավորությունների իրականացման ընթացքում շրջակա միջավայրի նախարարությունը համագործակցում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի, Արդյունաբերական զարգացման կազմակերպության և Զարգացման ծրագրի հետ:

Երկրի վրա կյանքը հնարավոր չէր լինի առանց արեգակնային լույսի, սակայն արեգակի էներգիան չափազանց շատ կլիներ առանց օզոնային շերտի։ Փաստ է, որ օզոնի շերտը Երկիրը պաշտպանում է արեգակի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Որպես հետևանք՝ այդ ճառագայթների պատճառով կարող են առաջանալ առողջական խնդիրներ, ինչպես օրինակ՝ մաշկի քաղցկեղ և աչքի կատարակտ։ Վնասակար ճառագայթները կարող են բացասական հետևանք ունենալ նաև գյուղատնտեսության, ձկնային տնտեսությունների համար՝ որպես հետևանք հանգեցնելով նաև տնտեսական խնդիրների:

Հետևաբար, մարդկությունը գործ ունի էկոհամակարգերի քայքայման հույժ վտանգավոր երևույթի հետ:

Համոզված ենք, որ մենք պետք է շարունակենք և ակտիվացնենք միջազգային համագործակցությունը բոլոր այն հարթակներում, որոնք հնարավորություն կտան բարձրաձայնելու մեր մտահոգություններն ու առաջարկությունները՝ նպաստելով համաշխարհային բնության պահպանմանն ու վերարտադրմանը՝ հանուն ապագա սերունդների: