Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_20210915_213839_646
A A
Մշակույթ

«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը 15 տարի անց կրկին էկրաններին է

Մեծ պատմությունը վերադառնում է փոքր քաղաք։ 15 տարի անց շատերի սիրելի «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը կրկին էկրաններին է՝ արդեն նոր գույներով ու վերամշակված տարբերակով։ Ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի խոսքով՝ սյուժեում ոչինչ չեն փոխել, ինքը ֆիլմը միայն դարձրել է ավելի ժամանակակից ու կարողացել է անել այն մոնտաժը, որ 15 տարի առաջ հնարավոր չի եղել. կարճ ասած՝ ստացել է այն ֆիլմը, որը պատկերացնում էր հենց տարիներ առաջ։

Ռեժիսորը ֆիլմը ոչ ժամանակավրեպ է համարում, քանի որ նշում է՝ հիմա էլ հաճախ փողոցում մարդիկ են մոտենում ու ասում՝ ֆիլմի նույն դեպքն իրենց ընտանիքում է տեղի ունեցել, երբ հանգուցյալներին շփոթել ու տարբեր տներ են տարել։ 

Ֆիլմն էլ հենց իրական պատմության հիմքով է նկարահանված

«Այս ֆիլմն իմ կուրսայինն է եղել ԱՄՆ-ում։ Ես գաղափար ունեի ֆիլմ նկարելու, բայց չգիտեի՝ ինչի մասին։ Իմ ծանոթներից մեկն իր ընտանիքի պատմությունն էր պատմել, ես հորս հետ խոսում էի, ասացի՝ դա լավ պատմություն է, կարող է ֆիլմ լինել։ ԱՄՆ-ից երբ եկա Հայաստան, խնդրեցի իմ ծանոթին՝ Նառային, նորից պատմել, ձայնագրեցի։ Նառան հենց եղել է այն աղջիկը, որ հայտնաբերել է՝ սխալ մարդու են բերել իրենց տուն։ Իր եղբայրն էլ սկսել է քաղաքով փնտրել իրենց հանգուցյալին»։

Վերամշակման համար պահանջվել է շուրջ վեց ամիս, և այս տարբերակը դեռ ոչ ոք չի դիտել. միայն մի քանիսը, որոնց Գոռ Կիրակոսյանն է ցույց տվել։ Անգամ դերասանները դեռ չգիտեին՝ ինչպես են նորովի տեսնելու ֆիլմը։

«Ա1+»-ի այն հարցին էլ, թե այսքան տարի անց ի՞նչ արձագանք է սպասում ռեժիսորը հանրությունից, նա պատասխանեց, որ մեծ սպասելիքներ չունի, քանի որ ֆիլմն իր արձագանքը վաղուց է գտել։

«Այն իմ և շատերի համար հայկական ֆիլմադարանի համար իր տեղը գտել է։ Ես ուզում էի ավելի շատ ցույց տալ, թե ինչպես կարող էր լինել այս ֆիլմը։ Երբ գաղափարի մասին էլ խոսեցի կինոթատրոնների հետ, բոլորն ինձ ոգևորեցին, որ արժե նորից ֆիլմը հետ բերել էկրաններ», - ասաց Գոռ Կիրակոսյանը։

Ֆիլմի դերասան Հրանտ Թոխատյանն էլ գրեթե ֆիլմի ամբողջ ընթացքում դագաղում է եղել, դրա հետ կապված Գոռ Կիրակոսյանը հետաքրքիր պատմություն հիշեց. «Դերասաններ կային, որ առաջարկել եմ՝ խաղային այդ դերը, բայց քանի որ երիտասարդ ռեժիսոր էի, ինձ չվստահեցին։ Հրանտին ես այլ կերպարում էի ցանկանում տեսնել, բայց նա ասաց՝ ուզում եմ ֆիլմի ձայնը լինել, ասացի՝ եթե ուզում ես ձայնը լինել, պետք է դագաղում պառկես  ու հանգուցյալի դերը խաղաս»։

Ռեժիսորը հիշում է՝ Հրանտն այդպես էր ցանկացել՝ մտածելով, որ «Մեր բակըֆիլմի նկարահանումներին զուգահեռ կհասցնի գալ, հանգիստ պառկել, նկարահանվել, սակայն դեռ չգիտեր, որ իրեն ավելի մեծ փորձություն է սպասվում։

«Իր համար ծանր էր, քանի որ պառկած ժամանակ շնչելիս նրա փորը  բարձրանում, իջնում էր, ու Հրանտը, եթե կադրում երևում է, շունչը պահած է։ Մենք նկարահանում էինք օգոստոս ամսին, նա էլ կոստյումով էր, շոգին անընդհատ քրտնում էր, ես էլ չէի թողնում՝ դագաղից դուրս գար՝ կոշիկները չկեղտոտելու համար», - ասաց նա։

Գոռ Կիրակոսյանի խոսքերը, որ ֆիլմը ժամանակավրեպ չէ, և հումորներն էլ՝ ցանկացած ժամանակ հասանելի բոլոր մարդկանց, փաստում էին դահլիճում ծիծաղի հաճախակի պոռթկումները։ 15 տարի անց էլ ֆիլմն անգամ արդեն դիտած մարդիկ դահլիճը լքեցին ժպիտով, դերասանները՝ հաճելի հիշողությունները վերապրելով։