Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մանվել Գրիգորյանի մասին կարծիքս նույնն է մնացել․ Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

Ազգային ժողովում այսօր ընտրում էին Վճռաբեկ դատարանի դատավոր: Թեկնածու Հովսեփ Բեդևյանին ներկայացնելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը` մեջբերելով նրա խոսքերը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ:

««Մանվել Գրիգորյանի փուչիկը հենց սկզբից էլ շատ փչեցին, այդ խտացրած կաթի և տուշոնկաների հետ ինքը կապ չի ունեցել»: Հայտնի է, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահող դատավորը եղել է հայտնի «Մացոն»` Մնացական Մարտիրոսյանը: Որպես ԲԴԽ նախագահի պաշտոնակատար` Ձեզ՝ նման դատավորների վարքագիծն անհանգստացնո՞ւմ է և շարունակո՞ւմ եք մնալ նույն կարծիքին Մանվել Գրիգորյանի գործի հետ կապված», - ասաց Ագնեսա Խամոյանը:

Ջհանգիրյանը պատասխանեց, որ շարունակում է մնալ նույն կարծիքին Մանվել Գրիգորյանի անձի վերաբերյալ, քանի որ վերջինս անուրանալի ներդրում է ունեցել Արցախի ազատագրման հարցում. «Ես կարծում եմ, որ այն ժամանակ մի քիչ ծուռ է գնացել նրա հանդեպ պրոցեսը: Իսկ Մնացական Մարտիրոսյանը կլինի, թե Մարտիրոս Մնացականյանը, ԲԴԽ-ն ինքը ոչինչ չի կարող ձեռնարկել»:

Նա նշեց, որ ԲԴԽ-ի լիազորությունների մասին Ագնեսա Խամոյանի պատկերացումները չափազանցված են: Խամոյանն ուղիղ հարցով արձագանքեց. «Ո՞վ տարավ մահվան Մանվել Գրիգորյանին»: Ջհանգիրյանը նշեց, որ ինքն ասաց իր կարծիքը Մանվել Գրիգորյանի մասին` որպես զինվորականի, հրամանատարի: Ավելին ոչինչ չի կարող ասել: