Բացել լրահոսը Փակել լրահոսը
241689517_3026170814270005_4581706109402792981_n
A A
Տնտեսություն

186 միլիոն դրամ՝ 35 ձեռնարկության

Հայաստանյան 35 սոցիալական ձեռնարկություն COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի կողմից ընդհանուր 186 միլիոն ՀՀ դրամ ծավալով ֆինանսական աջակցություն է ստացել: Սոցիալական բիզնեսները ստացված միջոցներն ուղղելու են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարմանը և իրենց հետագա հզորացմանը։

Իմփաքթ Հաբ Երևանի գրասենյակում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում աջակցություն ստացած ձեռնարկությունները ներկայացրին իրենց արտադրանքն ու ծառայությունները։  Դրամաշնորհ ստացած ձեռնարկությունների հիմնադիրներին հանձնվեցին ֆինանսական աջակցությունը խորհրդանշող վկայականները։

COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդը գործարկվել է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» տարածաշրջանային նախագծի շրջանակում։ Մրցույթի արդյունքում ընտրվել են ՀՀ բոլոր մարզերում  գործող տարբեր բիզնես նախաձեռնություններ, որոնց միավորողը գործունեության սոցիալական բաղադրիչն է։

Ծրագրի թիրախում սոցիալական ձեռներեցությունն է։ Աջակցությունն ուղղելով սոցիալական ուղղվածությամբ բիզնես համայնքին՝ ծրագիրը ոչ միայն սատարում է մարզային փոքր և միջին բիզնեսին, այլ նաև կայունություն հաղորդում այն սոցիալական խնդիրների լուծման գործընթացներին, որ իրենց ուսերին են վերցրել այդ ձեռնարկությունների հիմնադիրները։