Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Աշխարհի 150-րդ թենիսիստուհին առաջինն է ԱՄՆ բաց առաջնությունում (տեսանյութ)

Թենիսի ԱՄՆ բաց առաջնության կանանց մրցաշարում առաջին անգամ հաղթանակ է տարել որակավորման փուլին մասնակցած թենիսիստուհին:

Դա 18-ամյա բրիտանուհի Էմմա Ռադուկանուն է, որը անցած գիշեր Նյու Յորքում կայացած եզրափակիչ խաղում հաղթել է կանանց թենիսի 73-րդ համար, կանադացի Լեյլա Ֆերնանդեսին` 6:4, 6:3:

Ինչպես նշում է eurosport-ը, հանդիպումը տևել է 1 ժամ 51 րոպե: Էմմա Ռադուկանույին հաջողվել է 22 անգամ միավոր վաստակել մրցակցի մատուցումների ժամանակ: Նա թույլ է տվել 2 կրկնակի    սխալ` մրցակցի 5-ի դիմաց: Բացի այդ, 18-ամյա թենիսիստուհին ամբողջ առաջնության ընթացքում ոչ մի սեթում պարտություն չի կրել և բոլոր իր մրցակիցներին հաղթել է միևնույն 2:0 հաշվով:

Էմմա Ռադուկանուն այս հաղթանակից հետո վաստակել է 2000 վարկանիշային միավոր և 2,5 մլն դոլար գումար:

Լեյլա Ֆերնանդեսը կստանա 1,25 մլն դոլար և 1200 միավոր:

Հավելենք, որ Էմմա Ռադուկանուն առաջին բրիտանացի թենիսիստուհին է, որը   1977 թվականից հետո մտել է  «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչ: 44 տարի առաջ նրա հայրենակցուհի Վիրջինյա Ուեյդը հաղթել էր հանրահայտ Ուիմբլդոնի մրցաշարում: