Պատրաստվում են իրենց թիմերի կազմում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն այժմ իրենց ակումբների կազմում պատրաստվում են ազգային առաջնությունների առաջիկա խաղերին:
Մեր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը Հռոմի «Ռոմայի» կազմում պատրաստվում է Իտալիայի Ա սերիայի 3-րդ տուրի «Սասուոլոյի» հետ հանդիպմանը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում: «Ռոման» երկու խաղից հետո վաստակել է 6 միավոր և չորս թիմերի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ինչպես նշում է Il Messaggero օրաթերթը, Հենրիխ Մխիթարյանը խաղը հավանաբար կսկսի հարձակման իր ձախ եզրում, իսկ երկրորդում նրան կփոխարինի Շոմուրադովը, քանի որ չորս օր անց հռոմեացիները հանդիպում ունեն Կոնֆերենցիայի լիգայում: Սեպտեմբերի 16-ին «Ռոման» խաղալու է բուլղարական ԲԿՄԱ-ի հետ:
Մեր հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն այժմ իր թիմի` «Հոֆենհայմի» հետ պատրաստվում է Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրի «Մայնցի» հետ տնային խաղին: Երեք տուրից հետո տանտերերն ունեն 4, իսկ հյուրերը` 6 միավոր: Ըստ Բունդեսլիգայի պաշտոնական կայքի՝ մեր ֆուտբոլիստը խաղը հավանաբար կսկսի պահեստայինների նստարանին:
Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող Վարադատ Հարոյանն իր թիմի` «Կադիսի» կազմում նախապատրաստվում է 4-րդ տուրի «Ռեալ Սոսիեդադի» հետ տնային խաղին: Կադիսցիներն այժմ 2 միավորով զբաղեցնում են 12-րդ տեղը, իսկ Սան Սեբաստիանի թիմն ունի 6 միավոր և գտնվում է 7-րդ հորիզոնականում: Վարազդատ Հարոյանը մասնակցել է թիմի մարզումներին և պատրաստ է խաղին:
Խորեն Բայրամյանի թիմը` «Ռոստովը», սեպտեմբերի 13-ին իր հարկի տակ կընդունի «Կրասնոդարին»: Ռոստովցիները Ռուսատանի Պրեմիեր լիգայում կայացած 6 տուրից հետո վաստակել են 5 միավոր և այժմ զբաղեցնում են 14-րդ տեղը:
Ղազախստանում հանդես եկող մեր ֆուտբոլիստներից այսօր հանդես կգա հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Նրա թիմը` «Աստանան», 20-րդ տուրի շրջանակում կմրցի «Ակժայիկի» հետ: Մայրաքաղաքը ներկայացնող աստանացիներն այժմ 41 միավորով ընթանում են 2-րդ տեղում, և ընդամենը մեկ միավորով են ետ մնում «Տոբոլից»:
Կամո Հովհաննիսյանի թիմը, «Կայրաթը», վաղը կհյուրընկալվի «Օրդաբասիին»: Ալմաաթցի ֆուտբոլիստները 19 տուրից հետո վաստակել են 37 միավոր և զբաղեցնում են 3-րդ տեղը: